Ադրբեջանցիների մոտ են անցել Խնածախի բնակչի երեք ձիեր. ռուս սահմանապահները վերադարձրել են միայն երկուսը
INTERVIEWԱդրբեջանցի զինվորները այս անգամ էլ ձիեր են հափշտակել Սյունիքի մարզի Տեղ համայնքի Խնածախ բնակավայրի բնակչից։ Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Տեղ համայնքի նախկին ղեկավար Ներսես Շադունցը, որին էլ օգնություն ստանալու նպատակով զանգահարել էր Խնածախի բնակիչը:
Մեզ հետ զրույցում համայնքի նախկին ղեկավարն ասաց, որ այսօր առավոտյան գյուղացու 3 ձիերը անցել են ներկա պահին Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածք. «Առավոտ շուտ Խնածախի բնակիչը զանգահարել ու ասել է՝ 3 ձի անցել է սահմանը: Ես էլ փորձել եմ ռուս խաղաղապահների հետ կապ հաստատել, որ օգնեմ էդ մարդուն: Բնակիչը սոցիալապես անապահով ընտանիքի ներկայացուցիչ է, 4 անչափահաս երեխա ունի, որոնք միակողմանի ծնողազուրկ են, խնդրեցի ռուս խաղաղապահներին, որ ինչ-որ կերպ հարցին լուծում տան»,- պատմեց Ներսես Շադունցը:
Նա նաև նշեց, որ օրվա երկրորդ կեսին ռուս խաղաղապահների միջամտության շնորհիվ ձիերից 2-ը վերադարձվեցին. «Ադրբեջանցիները 2-ին վերադարձրին, բայց 1-ին պահեցին իրենց մոտ, թե ինչ սկզբունքով դա որոշեցին՝ չեմ կարող ասել»,- նշեց նա:
Վերջինս ընդգծեց, որ հայ-ադրբեջանական նոր սահմանը շատ մոտ է բնակավայրերին՝ հեռավորությունը շատ քիչ է ադրբեջանական սահմանից, և ձին հեշտությամբ կարող է հատել այդ սահմանը:
Զրուցեցինք նաև Տեղ համայնքի ներկայիս ղեկավարի՝ Դավիթ Ղուլունցի հետ, որն ասաց՝ խնդրի մասին բոլորը տեղյակ են. «Բախտներս նրանով ա բերել, որ երկուսը վերադարձրել են, էն մյուսի մասով էլ՝ սպասում ենք պատասխանի»,- եզրափակեց նա:
Զվարթ Պետրոսյան




















































