Գերմանիայի «առաջին տղամարդը»․ ով է Անգելա Մերկելի ամուսինը (լուսանկարներ)
PHOTO
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին ճանաչում են գրեթե բոլորը։ Իսկ ահա նրա ամուսնու մասին քչերը գիտեն։ Քիմիկոս Յոահիմ Զաուերը սկզբում ընդհանրապես չէր երեւում լուսանկարիչների առաջ, հիմա երբեմն հայտնվում է, բայց հարցազրույց երբեք չի տալիս։
Գերմանիայում մինչեւ հիմա չեն կարողանում կողմնորոշվել, թե ինչպես անվանեն Մերկելի ամուսնուն՝ «առաջին ամուսին», «առաջին տղամարդ», թե՞ «առաջին ջենթլմեն»։
Անձամբ Զաուերը ոչ մի կերպ չի ցանկանում այս դերերից մեկն իրեն վերագրել, նախընտրում է ստվերում մնալ։ Նույնիսկ 2005 թվականին, երբ կինը երդվում էր ծառայել երկրին, ամուսինը ոչ թե դահլիճում էր նստած, այլ Բեռլինի Գումբոլդտի համալսարանի իր աշխատանքային սենյակում։ Լրագրողները ինչ հարց տալիս էին Զաուերին, նա չոր պատասխանում էր՝ ինքը ոչ մի կապ չունի քաղաքականության հետ եւ վերջ։
Գերմանիայի «առաջին տղամարդը» հասարակության առաջ հայտնվեց միայն 2006-ի հունվարին, երբ կնոջն ուղեկցում էր օպերա՝ ամանորյա համերգի։ Ժամանակի հետ Զաուերը սկսեց ավելի հաճախ երեւալ, սակայն միայն կնոջն ուղեկցողի դերում։ Նա երբեք չի հետաքրքրվում քաղաքականությամբ, նրան միայն գիտությունն է հետաքրքրում։ Սակայն զույգի մտերիմներն ասում են, որ Զաուերը լսում է կնոջ ելույթներն ու անգամ քննադատում նրան․ «Կրկին ցուցամատդ վերեւ էիր պահել»,- բարկանում է Մերկելի վրա ամուսինը։
Զաուերն ու Մերկելը հանդիպել են 1977 թվականին, ի դեպ, Մերկելը մասնագիտությամբ ֆիզիկոս է։ Զույգը սկսեց հանդիպել 1984 թվականին միայն։ Մերկելն ու Զաուերը ամուսնացել են գաղտնի, 1998 թվականին դեկտեմբերի 30-ին։ Այդ ժամանակ Մերկելն արդեն սկսել էր իր քաղաքական կարիերան։ Զույգն ամուսնացել է երկուսով, անգամ առանց վկաների։ Նրանց հարազատներն անգամ զույգի ամուսնության մասին իմացել են լրատվամիջոցներից։
Հայտնի է միայն, որ թե Մերկելը, թե Զաուերը, նախկինում մեկ անգամ արդեն ամուսնացած եղել են, Զաուերը նախորդ ամուսնությունից երկու որդի ունի։ Մերկելը երեխա չունի, չի էլ ունեցել։ Զույգն ապրում է Բեռլինի կենտրոնում գտնվող իրենց բնակարանում, փոքրիկ ամառանոց ունեն, որտեղ, լուրերի համաձայն, անձամբ են հողը մշակում։




















































