Արփինե Հովհաննիսյանն ու ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են դատապարտյալների փոխանակման հարցը
POLITICSՀայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը դեկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարարը շնորհավորել է նորանշանակ դեսպանին Հայաստանի Հանրապետությունում դիվանագիտական առաքելությունն ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ իր գործունեությամբ Սեյեդ Քազեմ Սաջադին կնպաստի հայ-իրանական առկա բարեկամական հարաբերությունների խորացմանը:
ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար և նշել, որ Հայաստանի հետ մի շարք ոլորտներում փոխգործակցությունը խորացնելու մեծ ներուժ կա:
Հանդիպման ընթացքում քննարկվել են դատապարտյալների փոխանակմանը, արդարադատության ոլորտներում համագործակցության ամրապնդմանը, իրավական փոխօգնության հետագա զարգացմանը, ինչպես նաև փոխադարձ այցելություններ կազմակերպելուն վերաբերող մի շարք հարցեր:



