Սպանություն Երեւանում. 47-ամյա տղամարդը մահացել է դանակի հարվածից
SOCIETYԴեկտեմբերի 21-ին, ժամը 5-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել մի քաղաքացի եւ հայտնել, որ Մյասնիկյան պողոտայի թիվ 20/Ա հասցեում վիրավոր մարդ կա:
Ժամը 6.05-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ նշված հասցեում գտնվող բենզալցակայանից, «գլխի, կրծքավանդակի ձախ կեսի, ձախ ձեռքի ծակած-կտրած արյունահոսող վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1968 թ. ծնված Ավետիք Մարտիրոսյանը, որը, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել բացատրություն տալու:
Ժամը 10.50-ին նշված բուժհաստատությունից մեկ այլ հաղորդում է ստացվել, որ Ավետիք Մարտիրոսյանը գիտակցության չգալով՝ մահացել է:
Փաստի առթիվ Ավան եւ Նոր Նորքի վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քր. օր.-ի 175 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 112 հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 7-րդ կետերով եւ 235 հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:



