Թալիբները տնային կալանք են սահմանել նախկին նախագահի նկատմամբ
INTERNATIONAL NEWSԱֆղանստանի նախկին նախագահ Համիդ Քարզայը և ազգային համերաշխության խորհրդի ղեկավար Աբդուլլա Աբդուլլան տնային կալանքի տակ են գտնվում Քաբուլում: Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով իր աղբյուրին:
Ինչպես հաղորդվում է, թալիբները զինաթափել են նրանց պահակախմբին և առգրավել մեքենաները: Նախօրեին նաև խուզարկություններ են իրականացվել Աբդալլայի տանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվող տեղեկությունների համաձայն՝ Քարզայն ու Աբդալլան պետք է ընդգրկվեին Աֆղանստանը ղեկավարող խորհրդի կազմում, որը պատրաստվում էին կազմել «Թալիբանի» ներկայացուցիչները և որի կազմում 12 մարդ պետք է ներառվեր:
Հիշեցնենք, որ թալիբներն ակտիվ գործողությունների էին անցել Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերմանը զուգահեռ՝ օրեցօր նոր քաղաքներ գրավելով, իսկ օգոստոսի 15-ին մտել են Քաբուլ: Ժամեր անց երկրի նախագահ Աշրաֆ Ղանին հրաժարական է ներկայացրել և հեռացել երկրից: Երկրի փոխնախագահ Ամրուլլահ Սալեհը հայտարարել է, որ երկրի ղեկավարի բացակայության պարագայում սահմանադրության համաձայն՝ ինքն է ստանձնում ղեկավարի պարտականությունները: Վերջինս կոչ է արել զինված դիմադրություն ցույց տալ թալիբներին:



