Զոհված զինծառայողը դեպքից ժամեր առաջ զանգել էր հորն ու ասել, որ հրաշքով է փրկվել
SOCIETYNews.am-ը գրում է.
Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում դեկտեմբերի 18-ի գիշերը զոհված 19-ամյա Ֆիդար Ալոյանը դեպքից ժամեր առաջ էր խոսել հոր հետ եւ հայտնել, որ վաղ առավոտյան հրաշքով է փրկվել հակառակորդի գնդակից: Այս մասինNEWS.am-ի թղթակցին ասաց Արմավիրի մարզի Ալագյազ համայնքի ղեկավար Ազիզ Մհոյանը, որի ազգականն է զոհված զինծառայողը:
«Երեկ առավոտյան զանգել էր հորն ու պատմել, որ հրաշքով է փրկվել. կասկան գլխից ընկել է, բայց բարեբախտաբար, վիրավորում չի ստացել: Ժամեր անց էլ իմացանք, որ զոհվել է... Զինկոմիսարիատից պատմեցին, որ պաշտպանական մարտի ընթացքում է զոհվել, արիաբար կռվել է Ֆիդարը»,- ասաց գյուղապետը:
Զոհված զինծառայողը կարատեիստ էր, մասնակցել է միջազգային առաջնության:
«Դաշնամուր էլ էր նվագում: Շատ շնորհքով երեխա էր, համեստ, աշխատասեր: Բանակում էլ շատ լավ ծառայել է, ամռանն էլ արձակուրդ էր եկել, գոհ էր շատ ամեն ինչից»,- ասաց Ազիզ Մհոյանը:
Հիշեցնենք, որ ըստ ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ դեկտեմբերի 18-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն գործողություններ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները անցել են պաշտպանության և հակառակորդին հասցնելով կորուստներ (առնվազն 2 զոհ և վիրավորներ), ետ շպրտել իրենց ելման դիրքերը:
Ցավոք, պաշտպանական մարտի ընթացքում մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Ֆիդար Իգորի Ալոյանը:



