Կատվից մինչև արջ ու առյուծ. հայ պաշտոնյաների կենդանիները.
PHOTO
Wnews.am-ը գրում է.
Հայ պաշտոնյաներից շատերն ազատ ժամանակ սիրում են գնալ որսի, մյուսը մասը սեփական տանը փոքրիկ գազանանոց ունի, իսկ ոմանք էլ կենդանիների փոխարեն նախընտրում են իրենց առանձնատներում տեղադրել կենդանիների արձանները։
Wnews.am-ը ներկայացնում է հայ քաղաքական գործիչների սիրելի կենդանիներին։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը թե որքանով է սիրում գազաններին, չենք կարող ասել, սակայն հայտնի է, որ նա որսի մեծ սիրահար է: Համացանցում պարբերաբար հայտնվում են Քոչարյանի՝ որսի վայրից արված լուսանկարները.
ԱԺ պատգամավոր, Գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանն իր առանձնատանը կենդանիներ է պահում: Ինչպես իր կինն է ասել հարցազրույցներից մեկում՝ ամուսնու ամենախոշոր կենդանին արջն է։ Ըստ լուրերի, Մանվել Գրիգորյանը իր մասնավոր գազանանոցում առյուծներ, վագրեր, արջեր և տարբեր տեսակի վայրի թռչուններ է պահում:
ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը առյուծների սիրահար է: Ըստ շրջանառվող լուրերի՝ նա իր առանձնատանը առյուծ է պահում: Բացի այդ, առանձնատան բակում նա տեղադրել է առյուծի արձան, իսկ նրան պատկանող «Մուլտի գրուպ» ընկերության խորհրդանիշը հենց գազանների արքան է հանդիսանում:
Արջերի սիրահար է նաև Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը: Ըստ թերթերից մեկի հրապարակման՝ Հովիկ Աբովյանն իր առանձնատանը արջեր է պահում:
ԱԺ պատգամավոր Կարեն Բոթոյանն էլ վայրի կենդանիների սիրահար է։ Ֆեյսբուքյան իր էջում նա հրապարակել է վագրի ձագի հետ արված լուսանկար։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եղբոր դուստրը՝ Երևանի ավագանու անդամ Իրինա Քոչարյանը ևս գիշատիչ կենդանիների սիրահար է: Նա լուսանկարներ ունի վագրի հետ:
ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանն էլ, ըստ շրջանառվող լուրերի, տանն առյուծներ է պահում։
ԱԺ պատգամավոր Լյովա Խաչատրյանն էլ ավանակների սիրահար է: Նա իր տան բակում տեղադրել է ավանակի արձան: Ըստ նրա` ավանակը աշխատասեր, ազնիվ կենդանի է, որը մեծ լումա ունի:
Սիրած կենդանիների հարցում համեստ նախապատվություն ունի ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը. նա նախընտրում է կատուների։
ՀՀ նախագահի խորհրդական Արմեն Սմբատյանն էլ իր տանն անակոնդա տեսակի օձ է պահում։




















































