Yerevan, 24.December.2025,
00
:
00
BREAKING


«Ինձ համար կարևոր է բարձրաձայնել խնդիրներ, որոնք հուզում են մեր հասարակությանը»․ ռեփեր Դավոն՝ իր աշխատանքների և ԱՄՆ մեկնելու մասին

LIFE

Ռեփեր Դավո․ տարիներ առաջ այսպես լսարանին հայտնի դարձավ Դավիթ Միրոյանը, որը հետագայում ռեփերի աշխատանքին զուգահեռ սկսեց որպես պրոդյուսեր ներկայանալ տարբեր նախագծերում։ Նրա խոսքով՝ «Դավոն» հենց իր պրոդյուսերական առաջին նախագիծն էր, որի շրջանակում ուսումնասիրեց ոլորտն ու դրա զարգացման ուղղությունները։

Tert.am Life–ը Դավթի հետ զրուցել է ինչպես գործունեության, այնպես էլ ԱՄՆ մեկնելու և «օնլայն» աշխատանքային ռեժիմի մասին։

Դավիթն ու կինը՝ հաղորդավարուհի Սոնա Աբրահամյանը, այս շրջանում ԱՄՆ–ում են։  Նախ՝ նրանց հետաքրքրվեցինք, թե ինչն է այս շրջանում իրենց տարել ԱՄՆ։ «Ես հասկացա, որ մասնագիտական առումով վերալիցքավորվելու համար ինձ անհրաժեշտ է այս ճանապարհորդությունը։ Նոր վայրեր, նոր մշակույթ տեսնելը օգնում է նոր գաղափարների ծննդին։ Բացի այդ ամեն պրոդյուսերի համար կարևոր է տեսնել Հոլիվուդը, որը վիդեոարտադրության առումով առաջատարն է աշխարհում»,– ասաց նա։

Միաժամանակ, նա շարունակում է աշխատել հայաստանյան նախագծերի ուղղությամբ։ Ասում է՝ ժամային տարբերության տեսանկյունից դա բարդ է, գիշերներն օնլայն միանում է Հայաստանի գործերին, բայց համավարակը սովորեցրել է օնլայն աշխատելու նրբությունները։

Դավթին մարդիկ ճանաչում են երկու ձևաչափում՝ երաժշտական նախագծով՝ որպես ռեփեր Դավո և որպես պրոդյուսեր, որն ակտիվ գործունեություն է ծավալում մեդիայի, շոու բիզնեսի ոլորտում։ Նա նշեց, որ պրոդյուսերական գործն իր համար միշտ եղել է առաջին պլանում։

«Նույնիսկ «Դավո» երաժշտական պրոյեկտը ստեղծվեց այն բանի շնորհիվ, որ ես ուզում էի իմ ուժերը փորձել որպես պրոդյուսեր, կապեր հաստատել, ճանաչել մեդիայի ու շոու բիզնեսի աշխարհը ներսից։ Դավոն իմ առաջին պրոդյուսերական նախագիծն է, որը, թող անհամեստ չհնչի, բայց մեծ հաջողություն ունեցավ ու շատ սիրվեց։ Այնուհետև ես կենտրոնացա մեդիա ու ժամանցային ոլորտում պրոդյուսինգի վրա, որովհետև սա ստեղծագործելու, տարբեր ձևաչափերով պրոյեկտներ իրականացնելու մեծ հնարավորություն է տալիս»,– ասաց Դավիթը, որը հետագայում որպես պրոդյուսեր ներկայացավ առաջատար նախագծերում, Առաջին ալիքում կադրից դուրս բավականին լուրջ պաշտոններ զբաղեցրեց` «Հեռուստաարտադրական ծառայության ղեկավար», «Ծրագրերի տնօրեն», «Գլխավոր պրոդյուսեր»։

Հարցին, թե ինչպես նա կարողացավ հասնել այդ աշխատանքներին, Դավիթը պատասխանեց․ «Ես կինոինդուստրիայի ոլորտում էի, որպես գծային պրոդյուսեր աշխատում էի  գեղարվեստական ֆիլմերի վրա՝ համագործակցելով ոչ միայն հայ, այլև ռուս, վրացի ռեժիսորների ու արտիստների հետ։ Միևնույն ժամանակ մեր շոու բիզնեսի հայտնի արտիստների հետ էի աշխատում՝ թե՛ որպես պրոդյուսեր, թե՛ որպես ռեժիսոր։ Հեռուստատեսության ոլորտի մարդիկ ինձ արդեն ճանաչում էին, տեսել էին նկարահանման հրապարակում, գործի մեջ, ծանոթ էին իմ արած աշխատանքներին։ Կարծում եմ՝ հենց դա մեծ դեր խաղաց այն հարցում, որ Հանրային հեռուստաընկերության համար որոշիչ ու կարևոր փուլում, երբ նպատակ կար նոր ու թարմ շունչ տալ հեռուստաալիքին, ինձ հրավիրեցին աշխատելու այնտեղ։ Ոչ միայն աշխատելու, այլև ղեկավարելու ամենակարևոր օղակներից մի քանիսը»։

Դավթի խոսքով՝ իր համար շատ պատասխանատու էր Ծրագրերի տնօրենի պաշտոնը ստանձնելը․ «Այս պաշտոնում ես հաջորդեցի հեռուստատեսության լեգենդար մասնագետներից մեկին՝ Մարատ Օրդյանին։ Որոշ ժամանակ անց, երբ նրանից լսեցի, որ շատ լավ եմ անում իմ գործը, դա ինձ համար ամենակարևոր գնահատականներից էր։ Երիտասարդ տարիքում լինել հանրապետության առաջին հեռուստաընկերության Ծրագրերի տնօրենը, իսկ հետո Գլխավոր պրոդյուսերը ինձ համար մեծ ձեռքբերում է, բայց նաև մեծ պատասխանատվություն, որովհետև պատասխանատու եմ եղել ամենամեծ պետական նշանակության իրադարձությունների՝ Ազգային ժողովի և նախագահական ընտրություններ, պետական տոներ և այլն, համաշխարհային իրադարձությունների՝ Օլիմպիական խաղեր, Գրեմմի, Օսկար, Նոբելյան մրցանակ և այլն, հեռարձակման և լուսաբանման համար։ Աշխատել եմ  պետական կառավարման օղակների, նախարարությունների, Կառավարության հետ։  Պատասխանատու եմ եղել ստեղծելու եթերացանց ու կոնտենտ, որը պետք է բավարարի ամբողջ հասարակության ճաշակն ու պահանջները, որովհետև սա հանրային հեռուստաընկերություն է և հանրային եթեր»։

Դավթից հետաքրքրվեցինք՝ սկզբնական փուլում բա՞րդ էր ապացուցել, որ կարող է հավակնել նման պաշտոնների՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ մինչև այդ ինքը կայացել էր որպես ռեփեր, իսկ ռեփերի կյանքը, որպես կանոն, ասոցացվում է փողոցային մշակույթի կրողը լինելու հետ։

«Ապացուցելու ու իմ շուրջ հեղինակություն և վստահություն ձևավորելու փուլը մինչև հեռուստատեսություն գալն էր։ Ես եկա հեռուստատեսություն հենց նրա շնորհիվ, որ մարդիկ վստահում էին իմ մասնագիտական ունակություններին։ Բայց յուրաքանչյուր նոր նախագիծ իրականացնելիս փորձում եմ անել է՛լ ավելի լավ, որպեսզի նախ՝ ինքս ինձ ապացուցեմ, որ միշտ կարող եմ ավելին։ Օրինակ՝ վերջին շրջանում ես դարձա գլխավոր պրոդյուսեր մի ընկերության, որը միջազգային ընկերությունների մարքեթինգային արշավների համար վիդեո կոնտենտ է արտադրում։ Սա շատ առանձնահատուկ ոլորտ է ու տարբերվում է վիդեո արտադրությունից։ Երբ մենք սկսեցինք դա անել, ես հասկանում էի, որ Հայաստանում crowdfunding video production-ի ոլորտը զարգացած չէ ու իմ առաջ նպատակ դրեցի անել ամեն ինչ, որպեսզի այն ոչ միայն զարգանա, այլև մենք այնպիսի որակ ցույց տանք արտասահմանյան ընկերություններին, որից հետո Հայաստանը մրցունակ կդառնա միջազգային շուկայում նաև այս տեսանկյունից։ Այդպես էլ եղավ, մեր հոլովակների վրա հիմնված մարքեթինգային արշավները հայտնվեցին հեղինակավոր հարթակներում ու crowdfunding-ի միջոցով հավաքեցին մեծ գումարներ։ Սա նպաստեց նրան, որ Հայաստանը միջազգային գործընկերների աչքում առավել մրցունակ դարձավ crowdfunding video production-ի տեսանկյունից։ Սա ինձ համար կարևոր քայլ էր, որովհետև այսպես կարողացա նպաստել պրոդյուսերական դաշտի զարգացմանը Հայաստանում»։

Դավիթը եղել է նաև Հայաստանում ամենաքննարկվող մրցույթներից մեկի՝ «Եվրատեսիլի» Հայաստանի պատվիրակի ընտրող հանձնաժողովի նախագահը 2018 թվականին։ Այն ժամանակ նա էական ազդեցություն է ունեցել Սրբուկի թեկնածությունը հաստատելու հարցում։ Հետագայում Դավիթը Սրբուկի հետ սկսեց համագործակցություն նաև Armenian folk ալբոմի շրջանակում։

««Եվրատեսիլը» իսկապես մեծ իրադարձություն է մեզ համար, որովհետև մեր արտիստները նման մեծ բեմերում ելույթ ունենալու շատ քիչ հնարավորություն են ունենում։ Դրա համար իսկապես ուրախ եմ, որ 2018 թվականին ես հայաստանյան ներկայացուցչի ընտրող հանձնաժողովի նախագահն էի։ Սրբուկին վաղուց էի նկատել երաժշտական տարբեր նախագծերից։ Այն, որ վստահ պաշտպանում էի նրա թեկնածությունը, պայմանավորված էր նրանով, որ Սրբուկի մեջ ես տեսնում էի թարմ, նոր, ժամանակակից մի երանգ, որը հայկական շոու բիզնեսում պակասում էր։ Ես վստահ էի, որ նա այդ պահին հենց այն ճիշտ արտիստն էր, որը կարող էր հետաքրքիր ու արժանի ներկայացնել մեր երկիրը նման կարևոր մրցույթին, ինչպես նաև համոզված էի, որ  այս մրցույթը նրան է՛լ ավելի մեծ հայտնիություն կբերի Հայաստանում, իսկ  դա մեծ ազդեցություն կունենա այն բանի վրա, որ մեր երգարվեստը թարմ, նոր ու հետաքրքիր գույն ստանա։ Այդպես էլ եղավ։ Ինչ վերաբերում է մեր հետագա համագործակցությանը՝ Armenian folk ալբոմի վրա շատ երկար ու մեծ սիրով աշխատեցինք։ Նախագիծն էլ շատ սիրվեց։ Որպես պրոդյուսեր՝ ինձ համար սա կարևոր փուլ է իմ կարիերայում, որովհետև մենք մեր ներդրումն ունեցանք այն գործում, որ հայկական հին ու գեղեցիկ երգերը փոխանցվեցին նոր սերնդին՝ նոր հնչողությամբ, նպաստեցինք այդ երաժշտական ժառանգության պահպանմանը,– ասաց Դավիթն ու հավելեց, որ եթե լինի նոր առաջարկ, այն սիրով կընդունի։ –Ես մինչև այսօր էլ աչքի տակով անցկացնում եմ մեր հին հայկական երգերի արխիվները ու եթե հանդիպեն երգեր, որոնք դեռ նորովի չեն մշակվել և լինի առաջարկ, սիրով նորից կաշխատեմ նախագծի վրա»։

Շոուբիզնեսային շատ նախագծերի պրոդյուսինգով զբաղվելուց զատ Դավիթն  իրականացրել է նաև սոցիալական խնդիրներ բարձրացնող նախագծեր։ Խնդիրներ բարձրաձայնելու ռեփերին բնորոշ հատկանիշը նա օգտագործում է ոչ միայն որպես ռեփեր, այլև պրոդյուսերական հարթակում։

«Ինձ համար կարևոր է բարձրաձայնել խնդիրներ, որոնք հուզում են մեր հասարակությանը։ Կարծում եմ՝ կարևոր է հայտնի լինելու կամ մեծ լսարան ունեցող նախագիծ իրականացնելու գործիքն օգտագործել ի նպաստ հանրօգուտ գործի։ Ես դա միշտ եմ անում, կախված խնդրից ու աուդիտորիայից՝ ես ընտրում եմ այդ խնդիրը բարձրաձայնելու տարբերակը։ Օրինակ՝ հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքների, բռնության բացառման, խոսքի ու մտքի ազատության մասին ես խոսում եմ ռեփ նախագծի շրջանակում, մարդկանց իրազեկելու համար ես ընտրում եմ վիդեոարտադրության ոլորտը. նման մի նախագիծ մենք վերջերս իրականացրինք Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ։ Հայապահպանության ու հայկական մշակույթը ճանաչելի դարձնելու հարցի համար ես օգտագործում եմ մեդիա կամ ժամանցային ֆորմատը, ինչպես դա եղավ Հանրային հեռուստաընկերության մի շարք նախագծերի, «Հայ համերգ» նախագծի և այլ պրոյեկտների շրջանակներում։ Այսինքն՝ ինձ համար կարևոր է այն, որ իմ արած աշխատանքն ունենում է արդյունք, փոխում է ինչ-որ բան տվյալ ոլորտում, կարևոր դեր է խաղում, իսկ թե որ հարցը՝ ինչ ֆորմատով եմ բարձրաձայնում, կախված է հարցի բնույթից ու լսարանի առանձնահատկությունից»,– ասաց նա։

We condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in ArmeniaAraratBank Participates in “Women’s Empowerment Principles in Armenia” Conference Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day Acba bank and France’s Proparco to continue strengthening their long-term strategic partnershipTeam Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Issues the First in Armenia Perpetual Bonds Team Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia AraratBank Joins Armenia's New Greening Initiative: 100 Hectares of New Forest within Three YearsApply for a Unibank salary card and get a chance to win 1 000 000 AMDEuromoney Names Ameriabank Armenia’s Best Bank for Real Estate for the Second Year in a Row S&P Global Ratings has assigned IDBank CJSC a long-term rating of “BB-” and a short-term rating of “B” with a “stable” prospectA Brand-New Section on Idram&IDBankSeveral real and profitable offers ahead of Black Friday: IDBank and IdramAraratBank Joins Social Impact Award 2025 Summit in LjubljanaIDBank issued the 1st tranche of bonds of 2026Ucom Supports the Development of Space Engineering in Armenia Prioritizing Information Security: IDBank and Idram Support APOCALYPSE CTF 2025IDBank's Representative, Innesa Amirbekyan Appointed Co-Chair of the ICC Banking Commission Task Force on GuaranteesUcom General Director Ralph Yirikian Awards Certificates to Participants of Cybersecurity Training Course Acba and Proparco mark one year of partnership, strengthening rural financing and Armenias’s economic resilienceAraratBank and Arca's joint campaign has endedIDBank: A Pioneer of Digital Banking and Innovation in ArmeniaGRAWE Group and C-Quadrat Investment Group have announced plans to acquire 100% of LIGA Insurance Company in Armenia Ucom Supports the Annual “Capture the Flag 2025” Cybersecurity Competition Financially Literate with Idram and IDBank: Next Stop – Nairi CampIdram received a permit to establish and operate the Armenian payment and settlement QR system IdramNetUcom Completes the Deployment of its 5G Network Across All Cities of Armenia Firebird, Inc. Secures U.S. Export License and Announces Dell Technologies as a Technology Partner, Establishing Major Milestones in Armenia’s AI and Digital FutureIDBank Receives Permission to Open a Representative Office in the United States