Երեխաներիս սպանեցի, որ իմը մնան․ տղամարդը սպանել է իր 6 երեխաներին, հղի կնոջն ու մորը (տեսանյութ)
SOCIETYԱմռանը Ռուսաստանը ցնցվեց դաժան սպանության լուրից։ Օգոստոսի 4-ին հայտնի դարձավ, որ Նիժնի Նովգորոդի բնակիչը սպանել է իր 6 երեխաներին, հղի կնոջն ու մորը,-գրում է Past.am-ը։ Ավելին, նա 10 օր շարունակ ապրել էր ընտանիքի սպանված անդամների հետ նույն տանը։
Ավելի ուշ պարզվեց, որ սպանությունը տեղի է ունեցել հուլիսի 25-ին։ Երբ այդ օրվանից սկսած երեխաները մանկապարտեզ չէին հաճախել, դաստիարակները փորձել էին զանգահարել նրանց մորը, սակայն ապարդյուն։ Հենց այդ ժամանակ էլ նրանք ոստիկանություն էին դիմել։ Ոստիկանությունը, ներխուժելով Օլեգ Բելովի տուն, սարսափելի տեսարանի էր ականատես եղել։ Նա մասնատել էր կնոջ ու երեխաների մարմիններն ու փաթաթել պոլիէթիլենային տոպրակների մեջ։
Պարզվեց նաեւ, որ Բելովը նույն օր գնացել է մոր ամառանոց եւ սպանել նրան։ «Կնոջ մարմնի վրա դանակի 15 հարված էր հայտնաբերվել։ Նրա հագին եղել են տնային հողաթափեր, ներքնազգեստ եւ խալաթ։ Հիմքեր կան ենթադրելու, որ նա ինքն էր եկել իր մահվան վայրը»,- նշել էին ոստիկանությունից։
Եվ ահա այժմ մեկնարկել է տղամարդու դատավարությունը։ Երեկ դատարանի դահլիճում Բելովն ասել է, թե ինչու է նման հրեշավոր բան արել։ Նա ասել է, որ վախից է սպանել երեխաներին։ Նա սկզբում սպանել է կնոջը եւ վախենալով, որ երեխաներին մանկատուն կտանեն, նրանց էլ է սպանել։ «Երեխաներիս սպանեցի, որ նրանց չխլեն, նրանք իմը մնան։ Երեխաներն ամենաթանկն էին, որ ես ունեի, նրանք իմ կյանքի իմաստն էին»,- ասել է մարդասպանը։
Բելովը դատարանում ասել է, որ պատճառը իր որդիներից մեկի մազերի կտրվածքն է եղել, որը իրեն դուր չի եկել: Երեխայի մազերը կինն էր կտրել։ Վեճը այս պատճառով է սկսվել, արդյունքում, նրա խոսքով, չի էլ հասկացել, թե ինչպես է սպանել կնոջը։ Իսկ մորը սպանել է խղճահարությունից, քանի որ, Բելովի խոսքով, նա չէր դիմանա կատարվածին:



