Օդերևութաբանները նորմային մոտ ամառ են կանխատեսում Հայաստանում
SOCIETYՕդերևութաբանները նորմային մոտ ամառ են կանխատեսում Հայաստանում: «Այս տարի Հայաստանում կանխատեսվում է նորմայի սահմաններում` դրական շեղումով, շոգ և չոր ամառ, իսկ տեղումների առումով հունիսի կեսից Արարատյան դաշտում, իսկ ընթացիկ ամառվա վերջից նաև մնացած տարածաշրջաններում տեղումները պակասելու են, ինչը նույնպես նորմայի սահմաններում է»,- լրագրողների հետ հունիսի 26-ին կայացած հանդիպմանը այս մասին հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոմետծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը և հավելեց , որ այս տարվա հունիսին օդի ջերմաստիճանը նորմայից մեկ-երկու աստիճանով ավելի բարձր է, քան նախորդ տարի:
Նա նշեց, որ մինչև հունիսի 26-ը Արարատյան դաշտում գրանցված ամենաբարձր ջերմաստիճանը եղել է 37 աստիճան (միայն Զվարթնոցում տեղակայված կայանն է արձանագրել 38 աստիճան): «Տարածաշրջանում ցուրտ օդային հոսանքների ներթափանցման հետևանքով հունիսի 27-29-ը սպասվում է անձրև և ամպրոպ` մինչև 22 մետր քամու ուժգնացմամբ(վտանգավոր է համարվում վայրկյանում 25 մետր քամու ուժգնացումը), իսկ օդի ջերմաստիճանը դիտվելու է 30-33 աստիճան»,-նշեց Զարուհի Պետրոսյանը` ընգծելով, որ հունիսի 29-ից օդի ջերմաստիճանը բարձրանալու է մինչև 38 աստիճան:



