Հետպատերազմյան Հայաստանի և Արցախի ապագայի համար այս ընտրությունն ու առաջիկա ամիսներն ու տարիները ճակատագրական են լինելու. Հովհաննես Մանուկյան
BLOG
Արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ընտրական ցիկլն այլևս անդառնալի է։ Հետպատերազմյան Հայաստանի և Արցախի (ավելի շուտ` Արցախի մնացուկների) ապագայի համար այս ընտրությունն ու առաջիկա ամիսներն ու տարիները ճակատագրական են լինելու։ Այս ընտրության և դրա արդյունքում ձևավորվելիք իշխանության որակն է որոշիչ լինելու, թե ինչ ապագա կունենա մեր հայրենիքը և հայ ժողովուրդն ընդհանրապես։
Հայաստանյան էլիտայի և էլեկտորալ ողջ հանրույթի համար պետք է թափանցիկ և հասկանալի լինեն հայկական պետության ապագայի մասին բոլոր քաղաքական հայտատուների տեսակետները։
Այդ իսկ պատճառով ծայրահեղ անհրաժեշտություն է իրականացնել մի քանի կարևորագույն և առանցքային հարցերի շուրջ ընտրություններին մասնակցող կուսակցությունների և դաշինքների իրական մտադրությունների լյուստրացիա։
Ընտրական պայքարի հիմնական խաղացողները պետք է հայտնեն իրենց դիրքորոշումը և տեսլականը, մասնավորապես, հետևյալ հարցերի վերաբերյալ.
- Արցախի կարգավիճակի,
- Պատերազմի արդյունքում Ադրբեջանի կողմից նախկին ԼՂԻՄ տարածքի մի մասի և Շուշի քաղաքի բռնազավթման և դրանց` Արցախի իրավազորության տակ վերադարձնելու,
- Հայաստանի Սյունիքի տարածքով Ադրբեջանին տրանսպորտային միջանցք տրամադրելու թույլատրելիության,
- Այսպես կոչված տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում Հայաստանի ենթակառուցվածքները և տնտեսությունը Թուրքիայի և Ադրբեջանի համար «բացելու», նման հնարավորություն տեսնելու դեպքում այդ քայլին գնալու ժամկետների, դրա հետևանքով հնարավոր տնտեսական և անվտանգային սպառնալիքների չեզոքացման ուղիների,
- Նոր պայմաններում Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների, ռիսկերի դիվերսիֆիկացիայի, Ռուսաստանի Դաշնության` որպես ռազմավարական գործընկերոջ հետ հարաբերությունների ռեսթարթի, աշխարհաքաղաքական հիմնական դերակատար երկրների և դաշինքների հետ Հայաստանի հարաբերությունների հայեցակարգի,
- Սահմանադրության վերանայման, մասնավորապես, խորհրդարանական կառավարման գործող մոդելի, նախագահական համակարգի վերադառնալու նպատակահարմարության, դատական իշխանության սահմանադրական մոդելի փոփոխության անհրաժեշտության մասին։
Այս հիմնահարցերի մասին դիրքորոշումները պիտի պարունակեն նաև դրանց կենսագործման և իրացման մեթոդները, ուղիները և այն ռեսուրսները, որոնք կիրառվելու են կոնկրետ քաղաքական խնդիրները լուծելիս»։




















































