Փարավոնների հավերժական հանգիստը հսկող պահապանը. «Փաստ»
ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
«Փաստ» օրաթերթը գրում է
Գիզայի Մեծ սֆինքսը (արաբերեն՝ բառացի «սարսափի հայր», հունարեն՝ բառացի «խեղդող») երկրի վրա պահպանված թերևս ամենահին ժայռաքանդակն է և գտնվում է Գիզայում՝ Նեղոս գետի արևմտյան ափին: Այն քանդակված է միակտոր կրաքարե ժայռաբեկորից և իրենից ներկայացնում է ավազների վրա պառկած մարդու գլխով առյուծ՝ սֆինքս: Ճշգրիտ նշել սֆինքսի ստեղծման տարեթիվն անհնար է, բայց ընդունված է համարել, որ նրա դեմքը նմանեցված է Քեֆրեն փարավոնի դեմքին, որը թագավորել է մ.թ.ա. 2575-2465 թվականներին, և հավանաբար այդ ժամանակ էլ քանդակվել է սֆինքսը: Բացի այդ, այն գտնվում է վերջինիս բուրգից ոչ հեռու: Արձանի երկարությունը 72 մետր է, բարձրությունը՝ 20 մետր, կզակից մինչև գլխի գագաթը՝ 9 մետր, պոկված քիթը ունեցել է 1,5 մետր լայնություն: Առջևի թաթերի միջև ժամանակին եղել է ոչ մեծ սրբատեղի: Մեծ սֆինքսի դեմքն ուղղված է դեպի Նեղոսն ու ծագող արևը: Սֆինքսին կարելի է համարել իր շուրջը թաղված բոլոր փարավոնների հավերժական հանգիստը հսկող պահապան:
Հռոմեացի պատմիչ Պլինոս Ավագը Մեծ սֆինքսին նկարագրել է որպես հրեշի: Իր գոյության ընթացքում Մեծ սֆինքսը մինչև ուսերը թաղված է եղել ավազի մեջ: Այն ավազից դուրս բերելու փորձեր արվել են նաև հնագույն ժամանակներում, բայց նրա ողջ կրծքավանդակը ավազից հաջողվել է մաքրել միայն 1917 թվականին իտալացիների կողմից, իսկ ամբողջությամբ արձանը հազարամյա ավազից ազատվել է 1925 թվականին: Մեծ սֆինքսի քթի բացակայությունը կարելի է բացատրել ինչպես քարի բնական քայքայումով (քամու և խոնավության բազմադարյա ազդեցությամբ), այնպես էլ մարդկային գործոնի ազդեցությամբ, բայց ճշգրիտ ասել ինչ-որ բան՝ անհնար է: Գոյություն ունեցող մի լեգենդի համաձայն, այն Նապոլեոնն է պոկել: Ճշգրիտ փաստել, թե ինչից է պոկվել Սֆինքսի քիթը, անհնար է, բայց կարելի է հաստատ փաստել, որ դա Նապոլեոնը չի եղել, քանի որ դանիացի ճանապարհորդ Նորդենի կողմից 1737 թվականին նկարված գծանկարում Սֆինքսն արդեն առանց քթի է եղել:
Չնայած դրան, հիմա էլ եգիպտացի էքսկուրսավարները պատմում են տուրիստներին, որ Սֆինքսի քիթը պոկել է Նապոլեոնը, տեղափոխել Փարիզ, և ներկայումս էլ այն պահպանվում է Լուվրի թանգարանում: Մեկ այլ վարկածով, Նապոլեոնի փոխարեն նշվում են անգլիացիները կամ մամլուքները: Ըստ միջնադարի արաբ պատմիչ Ալ-Մաքրիզիի, 1378 թվականին սուֆիզմի ֆանատ Մուհամեդ Սաիդ ալ-Դահը, տեսնելով բերքի առատության հույսով սֆինքսին բարիքներ բերող ֆելլահներին, լցվել է զայրույթով և պոկել կուռքի քիթը, որի համար ամբոխը նրան հաշվեհարդարի է ենթարկել: Ի դեպ, սֆինքսը ոչ միայն առանց քթի է, այլ նաև առանց դնովի և ծիսակարգային նշանակություն ունեցող մորուքի: Այդ մորուքի որոշ հատվածներ կարելի է տեսնել Անգլիայի և Կահիրեի եգիպտական թանգարաններում: Իսկ ընդհանուր առմամբ, սֆինքսը կնոջ գլխով, առյուծի մարմնով ու թաթերով, արծվի թևերով, ցլի պոչով դիցաբանական արարած է։ Ընդ որում, աշխարհի տարբեր մասերում կան սֆինքսի պատկերով արձաններ, սակայն դրանցից ամենահայտնին եգիպտական Մեծ սֆինքսն է:
Կամո Խաչիկյան
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















































