«Առավոտ». Սեփականատիրոջ պահպանման դեպքում ՀԷՑ–ը կշարունակի մնալ մեր փողերը կուլ տվող փոշեկուլ
SOCIETY
Ներկայացնում ենք թերթի խմբագրականը հատվածաբար.
«ՀԷՑ–ը ես պատկերացնում եմ որպես մի «փոշեկուլ», որը բոլոր դեպքերում՝ անկախ նրանից, թե որքանով է թանկանալու այդ ապրանքը, կուլ է տալու մեր փողերը, որովհետև գործիքը բիզնես անելու համար նախատեսված չէ, բիզնես կառույց չէ: ՀԷՑ-ը ռուսաստանյան պետական հիմնարկ է, որի աշխատանքն ուղղված է մարդկանց գրպաններից փող քաշելուն: Ոչ մի կասկած չունեմ, որ եթե սեփականատերը չփոխվի, այս թանկացումները շարունակվելու են, և հոսանքի գնի առումով ԱՊՀ-ում ռեկորդակիր լինելով՝ մենք չենք սահմանափակվի՝ 1-2 տարուց առաջ կանցնենք ամբողջ աշխարհից:
Երբ ՀԷՑ-ը սկսի աշխատել բիզնեսի օրենքներով, նույնիսկ հայաստանյան վատ, օլիգարխիկ կանոններով, ամբողջ խնդիրն աստիճանաբար կվերանա: Էներգետիկան Հայաստանում շահութաբեր է [դա ոչ թե իմ, այլ ակադեմիկոս Աբել Աղանբեկյանի կարծիքն է]: Ոլորտը շահույթ կբերի, եթե չլինի ագահ, անիրազեկ և բիզնեսը զարգացնելու մոտիվացիա չունեցող չինովնիկների ձեռքում:
Խնդիրն, ուրեմն, ոչ այնքան Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման կասեցումն է, որքան սկզբունքային լուծումներ գտնելը, որոնք, ի դեպ, կարող են նաև որոշ չափով փոխզիջումային լինել: Տարբերակներից մեկը՝ ազգայնացումը, միանգամայն նորմալ լուծում է. Բրիտանիայում, օրինակ, երկաթուղին մի քանի անգամ ազգայնացվել է և սեփականաշնորհվել, կախված նրանից՝ պահպանողականնե՞րն են իշխանության գլուխ, թե՞ լեյբորիստները: Օրենքն այս պահին շատ բաներ թույլ չի տալիս՝ սակագնի փոփոխման հետ կապված: Բայց այդ օրենքը գրողը մենք չե՞նք, այսինքն՝ Ազգային ժողովը չէ՞»,–գրում է թերթի խմբագիրը։
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։



