Կլոր շրջանակով ակնոց. Ջոն Լենոնից Հարրի Փոթեր․ «Փաստ»
ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
«Փաստ» օրաթերթը գրում է
Կլոր շրջանակով ակնոցը պատկանում է վինտաժ ոճին: Ներկայումս նման ակնոցը համարվում է ամենանորաձևներից մեկը: Ակնոցի շրջանակը և ապակին պատրաստում են տարբեր գույներից, և հաճախ շատ յուրօրինակ և համարձակ համադրություններ են ստացվում: Կլոր շրջանակով ակնոցը շատ հարմար է և սազում է շատերին, բայց այդ դեպքում խնդիրներ են առաջանում չափսի ընտրության հարցում, այնպես որ, ակնոցը փորձելիս պետք չէ շտապել, այլ պետք է լավ «տանջել» վաճառողին ու փորձել բոլոր չափերը: Կլոր շրջանակով ակնոց առաջին անգամ սկսել են կրել դեռ նախորդ դարի 20-ականներին: Այդ ժամանակ հայտնի հումորիստ Հարոլդ Լլոյդը կրիայի պատյանից պատրաստված խոշոր շրջանակներով ակնոցին յուրօրինակ փոխարինող գտավ և սկսեց իր ֆիլմերում հայտնվել կլոր շրջանակով ակնոցով: Հենց դա էլ խթան հանդիսացավ նորաձևության մեջ նոր թրենդի ի հայտ գալուն, և այդպիսի ակնոց սկսեցին հաճույքով կրել և՛ կանայք, և՛ տղամարդիկ:
Սկզբում այդ ակնոցները բավականին մեծ տրամագիծ ու հաստ շրջանակներ ունեին: Այնուհետև գրեթե կես դար հետո տղամարդկանց կլոր շրջանակով արևային ակնոցին նորաձևության երկրորդ շունչ տվեց լեգենդար Ջոն Լենոնը, որն իր Բիթլզ խմբով դարձավ հիպպիների դարաշրջանի ռոքնռոլի դեմքը: Բնական է, որ բրիտանացի արտիստի շատ երկրպագուներ (երիտասարդ և ավագ տարիքի), ձգտելով ավելի նմանվել իրենց կուռքին, սկսեցին կրել կլոր շրջանակով ակնոց: Կլոր դարձրեցին ոչ միայն արևապաշտպան ակնոցը, այլ նաև օպտիկականը: Ներկայումս նման ակնոցը նորաձևություն վերադարձնող հերթական աստղ է դարձել փոքրիկ հրաշագործ Հարրի Փոթերը: Նրա օրինակով ամբողջ աշխարհի դպրոցական աղջիկներն ու պատանիները սկսել են կլոր ակնոց կրել: Ըստ շրջանակի ձևի՝ հետաքրքիր փաստ են արձանագրել որոշ հետազոտողներ: Նրանք գտնում են, որ կլոր շրջանակով արևային ակնոց նախընտում են ռոմանտիկ և ուրախ մարդիկ, որոնք ձգտում են անկեղծ սիրո: Իսկ այդպիսի ակնոցի սիրահարները պնդում են, որ երբ իրենք կրում են այն, զգալիորեն բարձրանում է իրենց տրամադրությունը և ինքնավստահությունը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















































