Բժիշկները քիչ է մնացել ողջ-ողջ այրեն նորածնին․ մայրը հրաժարվել է սարսափելի այրվածքներով երեխայից
SOCIETYԱյս սարսափելի պատմությունը տեղի է ունեցել մեկ տարի առաջ, սակայն հիմա է հասարակության մեջ աղմուկ հանել։ Տուլայի ծննդատանը բժիշկները քիչ է մնացել ողջ-ողջ այրեն նորածին երեխային։ Փոքրիկ Մատվեյին ֆոտոթերապիայի լույսի տակ են դրել՝ բժշկական պրոցեդուրայի համար, սակայն չգիտես ինչու սարքի վրա կտոր են գցել, որն էլ սկսել է այրվել։ Երբ հրդեհը բռնկվել է, փոքրիկի կողքին ոչ ոք չի եղել։ Երեխան 12 րոպե շարունակ հրդեհի մեջ է մնացել, մինչեւ որ երեխայի աղեկտուր ճիչերը չի լսել բուժքույրն ու վրա հասել։
Ինչպես տեղեկացնում է Past.am-ը, Երեխան 70 տոկոս այրվածքներ է ստացել, դեմքը ամբողջովին այրվել է։ Նման վնասվածքներով չեն ապրում, սակայն երեխան հրաշքով ողջ է մնացել։ Փոքրիկի դժբախտությունները, սակայն, այդքանով չեն ավարտվել։ Մատվեյի 19-ամյա մայրը հրաժարվել է նրանից։ Այդ ժամանակ երեխային որդեգրել է Նատալյա Սարգանովան, ով Տուլայում կարելի է ասել՝ լեգենդար անձնավորություն է, նա 2 սեփական եւ 35 որդեգրած երեխա ունի։ Սակայն Տուլայի շրջանի խնամակալության օրգանները երեխային Սարգանովային չեն տվել, այլ տվել են Մոսկվայից մի ընտանիքի, ում անունը չի հրապարակվում։
Եվ հիմա հենց այս փաստն է լայն քննարկման առարկա դարձել։ Խնդիրն այն է, որ տեղեկություններ են տարածվել, որ Մոսկվայից ընտանիքը միայն ֆորմալ առումով է որդեգրելու երեխային, մինչդեռ Սարգանովան իսկապես ցանկանում է հոգ տանել փոքրիկի մասին։ Հարցին անգամ խառնվել են մի քանի հայտնի դերասաններ, մասնավորապես՝ դերասանուհի Ալյոնա Խմելնիցկայան դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որպեսզի նա պատժի բժիշկներին, ովքեր երեխային այդ վիճակին են հասցրել, ինչպես նաեւ օգնի, որպեսզի երեխային տան Սարգանովային։
«Մատվեյի համար պայքար չի գնում, ես պարզապես ցանկանում եմ, որ տղան երջանիկ լինի, կարեւորը՝ նա ընտանիք ունենա»,- ասել է Սարգանովան։



