Ինչո՞ւ են այս կոշիկների ներբանները կարմիր․ «Փաստ»
ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
«Փաստ» օրաթերթը գրում է
Ժամանակակից մարդու համար նորաձև զգեստապահարանը հաջողության հիմնական բաղադրիչներից մեկն է համարվում: Բացի այդ, գեղեցիկ և նորաձև հագուստները, անկասկած, բարձրացնում են տրամադրությունը և ավելացնում ինքնավստահությունը: Ժամանակակից աշխարհում կոշիկները, ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց համար, ոչ միայն հագուստի տարր են, այլ նաև այնպիսի կարևոր ցուցիչ, որը կարող է շատ բան պատմել դրա տիրոջ մասին: Կոշիկի մոդելներից շատերն արդեն իսկ դարձել են իսկական արվեստի գործեր, քանի որ դրանք պատրաստվել են իրենց գործի վարպետների կողմից: Նման վարպետներից մեկն էլ եղել է հանրահայտ Քրիստիան Լաբուտենը: Louboutin- ի կոշիկները չափազանց հարմարավետ, նորաձև, գեղեցիկ, բարձրորակ և էլեգանտ են, և դրանք անհնար է շփոթել ցանկացած այլ ապրանքանիշի հետ: Եթե տեսնում եք սև կոշիկներ կարմիր ներբանով, ապա իմացեք, որ դրանք Louboutin- ի կոշիկներ են կամ գոնե այդ ոճի մեջ: Հենց այդ պատճառով էլ այդ արտադրանքը լայն ժողովրդականություն է վայելում նորաձև հագնվել սիրողների կողմից: Louboutin կոշիկի ապրանքանիշի պատմությունը սկսվում է հենց իր ստեղծող Քրիստիան Լաբուտենի կյանքի պատմությամբ:
Արդեն 12 տարեկան հասակում նա իր դպրոցական տետրերում նկարել է կանանց կոշիկների տարբեր էսքիզներ: Բայց առաջին կոշիկն ստեղծել է միայն 4 տարի անց: Քրիստիանն այն ժամանակ ոգեշնչվել է պարուհինների համար կոշիկներ ստեղծելու գաղափարներով, ինչը և արտացոլվել է կոշիկների մոդելներում, որոնք որոշակի թատերական տեսք են ունեցել՝ ժապավեններով, ծաղիկներով և այլ աքսեսուարներով, որոնք պարելիս լրացուցիչ շարժման էֆեկտ են ստեղծում: 16 տարեկանում Լաբուտենը հանդիպել է Շառլ Ժուրդենի հետ և սկսել սովորել նրա մոտ: Հետո նա սովորել է Շանելի, ապա Սաինթ Լաուրենտի մոտ: Հենց այդ ժամանակ էլ Լաբուտենը հորինել է իր ձվաձև նավակ-կոշիկները, որոնք շեշտում և արտահայտիչ են դարձնում կանանց ոտնաթաթի կորագծերը: Արդեն 25 տարեկան հասակում դիզայները Փարիզի Passage VeroDodat- ում բացել է իր առաջին նորաձևության տունը: Նրա առաջին և, միևնույն ժամանակ, հաջողված հավաքածուն Lucite-ն է: Դրա առանձնահատկությունը թափանցիկ կրունկների օգտագործումն է, որի ներսում եղել է փոքր առարկա կամ ծաղիկ: Դա շատ տպավորիչ տեսք ունի:
Հատուկ դերասանուհի Արիել Դոմբալենի համար Լաբուտենը պատրաստել է յուրօրինակ կոշիկներ, որոնց կրունկների ներսում եղել են սիրային նամակներ: Շուտով Christian Louboutin խանութը հայտնի է դարձել ամբողջ Փարիզում, ապա և շատ արագ համբավ ձեռք բերել ամբողջ աշխարհում: Այնուամենայնիվ, ներկայումս այդ ընկերության ընդամենը 5 պաշտոնական խանութ գոյություն ունի, որոնցից երկուսը տեղակայված են Փարիզում, մեկական՝ Մոսկվայում, Լոնդոնում և Լոս Անջելեսում: Christian Louboutin ապրանքանիշն ունի իր առանձնահատկությունը՝ դա վառ կարմիր գույնի ներբանն է: Նման տեսքի ներբանի առաջացման մի քանի վարկած գոյություն ունի: Ըստ մեկի, դա պայմանավորված է նրանով, որ կանայք սիրում են իրենց ոտքերի եղունգները կարմիրով ներկել: Մեկ այլ վարկածի համաձայն, դա դիզայներական փորձ է եղել. երբ Լաբուտենը իր օգնականուհու ձեռքին տեսել է եղունգների կարմիր լաք, իսկույն գաղափար է ծագել, և նա վերցրել ու լաքով ներկել է կոշիկի սև ներբանը:
Louboutin կոշիկները ոչ միայն գրավիչ ու առանձնահատուկ են, այլ նաև ունեն լավ որակ և հարմարավետ են: Երկար ժամանակ Christian Louboutin- ը կոշիկի նորաձևության առաջատար է հանդիսանում շոու բիզնեսի և աշխարհիկ աստղերի համար: Christian Louboutin կոշիկները պահանջված են մեծաթիվ հայտնի մարդկանց համար: Հայտնի շատ կանայք, ինչպես Մադոննան, Էլիզաբեթ Թեյլորը, Մրայա Քերին, Շերը, Բրիթնի Սփիրսը, Քեթրին Դենյովը, Անջելինա Ջոլին, Քրիստինա Ագիլերան, Քայլի Մինոուգը և ուրիշներ, սիրում են կրել կարմիր ներբաններով սև կոշիկներ:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















































