Ցուցարարների անակնկալները «Թալանչիներին»
SOCIETYԲաղրամյանի ցուցարարները, որքան էլ թրջվելու փորձ ունեն, այնուամենայնիվ անձրևից պաշտպանվելու համար պատսպարվել են Օպերայի և բալետի շենքում: Իհարկե, բոլորին շենքը տեղավորել չի կարող, սակայն անձրևանոցի պակաս ունեցողները տեղավորվել են և որոշ ժամանակ կլինեն այնտեղ:
Past.am-ի հետ զրույցում կազմակերպող խմբի անդամ Միհր Ավագյանը նշեց.
- Օպերայի շենք մտնելու համար խոչնդոտներ չեղան, պահակներն ու անվտանգության աշխատողներն իրենք առաջարկեցին ներս մտնել: Մոտ 100-120 հոգի էինք, բոլորս էլ տեղավորվեցինք ներսում, ոչ ոք չմնաց: Իսկ նրանք, ովքեր Բաղրամյանի պողոտայում են, պատսպարված են անձրևանոցներով:
Նրանք, ովքեր դրսում են, ժամանակ չեն կորցնում: Ցույցի մասնակիցներից մի քանիսը սեփական միջոցներով ծաղկեպսակ են պատրաստել, և այն հանդիսավոր կերպով դրվել է ոստիկանական պատնեշի դիմաց: Ծաղկեպսակի վրա գրված է` ժողովրդի կողմից թալանչիներին:
Սրանից հետո անմիջապես հրապարակ եկավ Վալերի Օսիպյանը, հետաքննող հայացք նետեց ցուցարարներին ու ծաղկեպսակին և ինչ-որ զանգեր կատարելով՝ հեռացավ: Սպասենք զանգերի արդյունքներին:



Արուսիկ Տիգրանյան



