Դա պայմանավորված է տարածաշրջանի ապակայունացման թուրքական ծրագրերով. Ալեքսանդր Մանասյանը՝ ադրբեջանական կողմի սադրանքների մասին
INTERVIEW
Անդրադառնալով Ադրբեջանի կողմից հրահրվող սահմանային սադրանքներին և տանկի օգտագործմանը՝ քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը Past.am-ի հետ զրույցում նշեց. «Դա պայմանավորված է տարածաշրջանի ապակայունացման թուրքական ծրագրերով: Ադրբեջանն ինքնուրույն դա չի անում»:
Մեր զրուցակիցը հավելեց, որ այդ սադրանքները կրում են հետախուզական բնույթ: Ըստ քաղաքագետի՝ Ադրբեջանը փորձ է անում ստուգել՝ ինչ արձագանք կունենա այդ ամենը միջազգային հանրության շրջանակներում:
Խոսելով այն մասին, թե ինչ կարող է փոխել առաջիկա Սարգսյան-Ալիև հանդիպումը՝ պարոն Մանասյանը նշեց. «Ամեն մի հանդիպում նախապատրաստվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից, հարցեր են որոշում, որոնց շուրջ կողմերը կարող են համաձայնության գալ: Այս պայմաններում ես որևէ արդյունք չեմ սպասում, ուղղակի այս սահմանային սադրանքներով ուզում են ճնշում գործադրել հայկական կողմի վրա»:
Հարցին՝ ռուս-թուրքական լարվածության խորացման պարագայում Ադրբեջանն ի՞նչ դիրքորոշում կընդունի, Ալեքսանդր Մանասյանը պատասխանեց. «Պարզ է, որ համակրանքը թուրքական կողմին կլինի: Այս ամենը կլինի բացահա՞յտ, թե՞ ոչ, կախված է իրադրությունից: Այս պահին դժվար է կանխատեսել»:
Լևոն Փանոսյան




















































