Զոհված զինծառայողի հոգեհանգստին ներկա էին Դավիթ Տոնոյանն ու Մովսես Հակոբյանը (լուսանկարներ, տեսանյութ)
PHOTOԱրարատի մարզի Մասիս քաղաքում այսօր` դեկտեմեբրի 14-ին, տեղի ունեցավ հակառակորդի դիպուկահարի կրակոցից դեկտեմբերի 11-ի երեկոյան զոհված ժամկետային զինծառայող Կարեն Գրիգորյանի հոգեհանգիստը: Հոգեհանգստին ներկա էին Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Մովսես Հակոբյանը, ԶՈՒ բարձրաստիճան պաշտոնյաներ:
NEWS.am-ի հետ զրույցում Կարենի հարեւանը` Կոլյա Ենոքյանը, նշեց, որ Կարեն Գրիգորյանը խելոք ու համեստ տղա էր, շատ էր ցանկանում գնալ ծառայության: Նրա ծնողները, եղբայրն ու քույրը երկու տարի առաջ էին գնացել Ղազախստան` արտագնա աշխատանքի, իսկ Կարենը Մասիսում բնակվում էր տատիկի ու պապիկի հետ:
Նրա հարազատները դեկտեմբերի 13-ի երեկոյան են վերադարձել Ղազախստանից:
«Շատ լավ երեխա էր, միշտ օգնում էր ծնողներին, ոչ մի վատ բան չենք տեսել էդ երեխուց: Միայն գովասանքի խոսքեր կարելի է ասել: Վերջին անգամ որ տեսել էի, արձակուրդ էր եկել, մեկ ամսից էլ զորացրվելու էր»,-ասաց հարեւանը:
Նյութի աղբյուրը՝ news.am




















































