Թիվ 145 դպրոցից հեռացված «Ոչ»-ի կողմնակից ուսուցչի աշակերտները բողոքի ալիք են բարձրացրել
INTERVIEW
Արդեն տեւական ժամանակ է, ինչ Ֆեյսբուքահայերը քննադատում են Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող Սիլվա Կապուտիկյանի անվան թիվ 145 դպրոցի տնօրինությանը: Բանն այն է, որ Սահմանադրական փոփոխությունների «Ոչ»-ի կողմնակից, պատմության ուսուցիչ, վերլուծաբան Կարպիս Փաշոյանին հեռացրել են Սիլվա Կապուտիկյանի անվան թիվ 145 դպրոցից: Ուսուցչին դպրոցից հեռացնելու պատճառը եղել է այն, որ նա հաճախակի է ուշացել դասաժամերից:
Past.am-ի հետ զրույցում Կարպիս Փաշոյանը նշեց. «Շատ զբաղված եմ, բայց նախկինում այդ ուշացումներս ընկալելի էին տնօրինության համար: Ուշացումներս սկսեցին չընկալվել, երբ սկսվեց «Ոչ»-ի պայքարը»: Ըստ Փաշոյանի՝ տնօրեն Ռիմա Դավթյանի հետ առաջին վիճաբանությունը եղել է, երբ առաջին անգամ գրաֆիտի անելու համար բերման է ենթարկվել: «Հետո էլ Բարեկամության կամրջի վրա «Ոչ»-ի մեծ պաստառ էի տեղադրել: Այդ ժամանակ արդեն ինձ ներկայացվեց վերջնագիր՝ կա´մ «Ոչ»-ը, կա´մ դպրոցը:
Իմացա, որ տնօրենին տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներն են կանչել և նկատողություն արել: Հանրաքվեից առաջ քարոզչական հոլովակներում էի նկարահանվում: Հանրաքվեն անցավ, այդ ամենը կուտակվեց, ուշացումներս էլ պատրվակ օգտագործեցին, ասացին՝ ես անպատասխանատու եմ: Նրանք ինձ գրավոր նախազգուշացումներ չեն արել»,- Past.am-ի հետ զրույցում պատմեց Կարպիս Փաշոյանը:
Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ թիվ 145 դպրոցի տնօրեն Ռիմա Դավթյանը Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Արաբկիրի տարածքային կառույցի ՀՀԿ խորհրդի անդամ է: Ի դեպ, վերջինս ժամանակին աշխատել է Էրեբունի համայնքի թիվ 100 մանկապարտեզում` որպես տնօրեն: Իհարկե, հայտնի չէ, թե նա ինչպես է մանկապարտեզից հայտնվել դպրոցի տնօրենի պաշտոնում, սակայն, ըստ 168.am-ի աղբյուրների, նա Երևանի ալրաղացի գործարանի նախին տնօրեն Գևորգ Դավթյանի դուստրն է: Ֆեյսբուքյան օգտատերերի էջերը ողողված են այդ դպրոցի տնօրենի լուսանկարներով, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին և իշխող քաղաքական կուսակցությանը` ՀՀԿ-ին դատապարտող սուր մեկնաբանություններով:
Երեւանի թիվ 145 դպրոցի աշակերտները նույնպես իրենց դժգոհություններն են հայտնում: Past.am-ի այն հարցին, թե արդյոք աշակերտները ուսուցիչների կողմից ճնշումների կենթարկվեն, Փաշոյանը ասաց. «Կարծում եմ՝ ոչ, մեր դպրոցի ուսուցիչները չնայած ինձ քննադատում են, բայց հիմնականում բարոյական մարդիկ են, հատկապես փոխտնօրեններն այդպիսի բան թույլ չեն տա»:
Նշենք նաեւ, որ Կարպիս Փաշոյանն աշխատանքի հրավեր է ստացել «Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարան» կրթահամալիրի տնօրենություն կողմից: Մեր այն հարցին, թե Փաշոյանն ինչ է որոշել, պատասխանեց. «Դեռ որոշում չեմ կայացրել, բայց ամենադժվար պահին ստացված հաճելի անականկալ էր, որի շուրջ դեռ կարելի է մտածել»:
Նարեկ Միրզոյան




















































