Ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար նախատեսված տուգանքները խստացվելու են
SOCIETY«Վարչական իրավախախտումների մասին» օրենքում ՀՀ արդարադատության նախարարության կողմից առաջարկվող փոփոխությունների նախագծով խստացվում են ոչ սթափ վիճակում մեքենան վարած վարորդների նկատմամբ տույժերը, նրանց կարող է սպառնալ անգամ ազատազրկում: Այս մասինNEWS.am-ի հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:
«Խստացրել ենք, որովհետեւ վիճակագրական տվյալները վկայում են, որ կա բացասական դինամիկա: Այս տարվա 11 ամիսների ընթացքում խմածության պատճառով առաջացած մահվան ելքով վթարների թիվը աճել է»,- ասաց նախարարը:
Ըստ օրինագծի՝ եթե նախկինում վարորդները ոչ սթափ վիճակում մեքենան վարելու համար տուգանվում էին 100 հազար դրամով, այսուհետ կտուգանվեն 200 հազարով, 200 հազար դրամով նախկինում տուգանվելու դեպքում՝ 250 հազարով: Եթե վարորդը 2 անգամ տուգանվում է ոչ սթափ վիճակում վարելու համար, նախկինի պես նա զրկվում է վարորդական իրավունքից մեկ տարի ժամկետով: Ըստ նոր օրինագծի՝ եթե այդ մեկ տարվա ընթացքում վարորդը շարունակում է մեքենան վարել, նրան սպառնում է ազատազրկում մինչեւ մեկ տարի ժամկետով:



