Այս տարի հայ զբոսաշրջիկները նախընտրում են Նոր տարին դիմավորել Դուբայում եւ Թբիլիսիում
SOCIETYNews.am-ը գրում է .
Հայ զբոսաշրջիկների մեծ մասն այս տարի Նոր տարին կդիմավորի Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում: Այս մասինNEWS.am-ի հետ զրույցում ասացին Հայաստանի տուրիստական գործակալությունների մեծ մասի ներկայացուցիչները: Դուբայում ընտանիքով (երկու մեծահասակ, մեկ երեխա) մեկ շաբաթ անցկացնելը՝ դեկտեմբերի 30-ից հունվարի 5-ը, կազմում է մոտավորապես 1500 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ: Գումարի մեջ մտնում է տրանսֆերը, հյուրանոցը, նախաճաշն ու ամանորյա գիշերը կազմակերպվող գալա ընթրիքը:
Մեզ հետ զրույցում տուրիստական գործակալությունների ներկայացուցիչները նշեցին, որ Դուբայում Ամանորն անցկացնել ցանկացող քաղաքացիները դեպի Դուբայ ամանորյա փաթեթներն սկսել են ամրագրել դեռ մեկ ամիս առաջ:
Բացի Դուբայից, հայ զբոսաշրջիկների մեծ մասը նախընտրում է Նոր տարին դիմավորել Թբիլիսիում: Տուրիստական գործակալությունների ներկայացուցիչները նշեցին, որ համեմատած անցած տարվա, այս տարի Թբիլիսիում Նոր տարին դիմավորել ցանկացողների թիվն ավելացել է: Քաղաքացիները տոմսերն սկսել են ամրագրել մեկ ամիս առաջ՝ Թբիլիսիում Ամանորն անցկացնել ցանկացողները 5 օրվա համար պետք վճարեն 250 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, որի մեջ մտնում է տրանսֆերը, հյուրանոցը, նախաճաշն ու գալա ընթրիքը:
Բացի Դուբայից ու Թբիլիսիից, հայերի շատ քիչ մասը Նոր տարին նախընտրել է անցկացնել եվրոպական երկրներում՝ Միլանում, Բուխարեստում եւ Մադրիդում: Մեզ հետ զրույցում տուրիստական գործակալությունների ներկայացուցիչները նշեցին, որ համեմատած նախորդ տարվա, այս տարի Եգիպտոսում Ամանորն անցկացնել ցանկացողների թիվը շատ քիչ է, որը կապված է այդ երկրում տեղի ունեցող իրադարձությունների հետ:



