Bratz տիկնիկներ. ինչո՞վ է պայմանավորված դրանց հանրաճանաչությունը․ «Փաստ»
ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
«Փաստ» օրաթերթը գրում է
2001 թվականին MGA Entertainment ընկերությունը սկսել է արտադրել Բրատց (Bratz) տիկնիկներ: Իր յուրահատկության շնորհիվ նորույթը կարողացել է արագորեն տարածվել ամբողջ աշխարհում` ինչ-որ առումով գրավելով Բարբի տիկնիկների տեղը: Հանրաճանաչություն ձեռք բերելով՝ Բրատց էժան տիկնիկները երեխաների համար դարձել են բավականին մատչելի խաղալիքներ: Բրատցները աղջիկների և տղաների նմանակմամբ այնպիսի տիկնիկներ են, որոնց կարելի է տեսնել հեռուստաէկրաններից, համակարգչային մոնիտորներից, նորաձևության հարթակներից, կոմիքսներից և ամսագրերից: Bratz բառն առաջացել է անգլերեն brat- ից, որը նշանակում է կամակոր ու չարաճճի երեխա:
2001 թվականին թողարկված առաջին տիկնիկները եղել են Սաշան, Քլոեն, Ջեյդը և Ժասմինը: Նրանք են այդ տարի դարձել վաճառքի առաջատարներ: Միայն դեկտեմբերին դրանք ձեռքբերելու համար մարդիկ ծախսել են շուրջ ինը միլիոն դոլար: Խաղալիքների բիզնեսում և տիկնիկների աշխարհում Բրատց տիկնիկների արտադրությունը իսկապես հեղափոխական է դարձել շնորհիվ մի հնարամիտ գաղափարի, այն է՝ girls with a passion for fashion (նորաձևության կիրք ունեցող աղջնակներ): Bratz տիկնիկները նախատեսված են 8-ից 13 տարեկան աղջիկների համար: Բանն այն է, որ այդ տարիքի երեխաները արդեն դադարում են խաղալ չխկչխկանների ու դասական տիկնիկների հետ, նրանք արդեն մոտ են լինում պատանեկության փուլին, որտեղ առկա են նորաձևությունը, երեկույթներն ու ցերեկույթները:
Ապրանքանիշը ունի զարգացման մի քանի ուղղություններ. տղաներ (Bratz Boys), սիրելիներ (Bratz Pets), փոքրիկներ (Lil Bratz), միշտ լավ ընկերներ (4 ever best friends) և իմ փոքրիկ (Bratz Babys):Յուրաքանչյուր տարի յուրաքանչյուր ուղղությամբ ստեղծվում են նոր թեմատիկ հավաքածուներ: Բրատց տիկնիկները ամբողջովին պատրաստված են վինիլից. գլուխները պատրաստվում են կոշտ վինիլից, մարմինը՝ ավելի փափուկ, իսկ փոքրիկ ձեռքերն ու ոտքերը՝ ճկվող վինիլից: Բրատցը Բարբիից տարբերվում է նրանով, որ ունի իսկական թարթիչներ:
Բրատց տիկնիկներն ունեն այն ամենը, ինչ ունեն երեկույթին մասնակցող իսկական աղջիկները. հագուստի տեսականի, կարաոկե, ձայնասկավառակներ, խաղային հավաքածուներ և այլն, նրանք այցելում են տիկնիկների սպա-սրահներ, սուշի բարեր և սրճարաններ, նրանց հասանելի են լիմուզինով զբոսանքներն ու սերֆինգը: Գուցե ինչ-որ մեկին կարող է թվալ, որ Բրատցը թանկ ապրանքանիշ է և մատչելի է քչերին, բայց դա այդքան էլ այդպես չէ: Կան Բրատց տիկնիկների էժանագին տարատեսակներ: Վերջում նշենք, որ Բրատց տիկնիկները ներկայումս վաճառվում են աշխարհի 70 երկրում:
Կամո Խաչիկյան
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















































