Կառավարությունում քննարկել են հայկական արտադրանքի արտահանման խթանման հարցը
POLITICSՎարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում դեկտեմբերի 11-ին շարունակվել են տեղական արտադրանքի արտահանման խթանման վերաբերյալ քննարկումները, որին մասնակցել են պատասխանատու պետական գերատեսչությունների ներկայացուցիչները:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, խորհրդակցությանը քննարկվել են, մասնավորապես, Ռուսաստանի Դաշնության կողմից թուրքական ապրանքների նկատմամբ արգելանքի պարագայում ՀՀ-ից դեպի ՌԴ հայկական արտադրանքի արտահանման ծավալն ավելացնելու հնարավորությունները և պետական աջակցության մեխանիզմները: Այս համատեքստում անդրադարձ է եղել ս.թ. նոյեմբերի 30-ին ՀՀ վարչապետի մոտ կայացած խորհրդակցության արդյունքում կառավարության ղեկավարի կողմից տրված հան ձնարարականների կատարված ընթացքին: Ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, որի շրջանակում պատկան մարմինների ներկայացուցիչները հանդես են եկել մի շարք առաջարկություններով:
Վարչապետը, ընդգծելով հարցի հրատապությունը և կարևորելով օպերատիվ արձագանքն ստեղծված իրավիճակին, հանձնարարել է քննարկման մասնակիցներին ամփոփել միջգերատեսչական քննարկումները և գալիք շաբաթվա ընթացքում վերջնական արդյունքները ներկայացնել ՀՀ կառավարություն:



