Ի վերջո, ո՞վ է ռևոլվերի իրական ստեղծողը. «Փաստ»
ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
«Փաստ» օրաթերթը գրում է
Ռևոլվերը անհատական, ոչ ավտոմատ հրազեն ատրճանակ է, որի պահունակը պտտվող թմբուկ է և միաժամանակ փամփշտանոց: Առաջին ռևոլվերը ստեղծվել է դեռ 16-րդ դարում: Այն աշխատել է թմբուկի խցիկում վառոդի բռնկման սկզբունքի վրա, որի համար օգտագործվել է վառվող քուղ կամ կայծքարային փական: Այդ մեթոդով կրակ վարելու համար պետք է եղել յուրաքանչյուր կրակոցից հետո վառոդ լցնել թմբուկի մեջ, որը, կրակոցի ժամանակ բռնկվելով, ստիպում էր բռնկվել փամփուշտի հիմնական լիցքը, որն էլ առաջ էր մղում փամփուշտը: Այդ ամենը խիստ անհարմար էր և վտանգավոր, քանի որ այրվող վառոդի մասնիկները կարող էին տարածվել և պայթեցնել նաև թմբուկի մեջ գտնվող այն պահեստային լիցքերը՝ փամփուշտները, որոնք դեռ փողի մեջ չեն: Այլ կերպ ասած, տեղի էին ունենում միաժամանակյա կրկնակի կրակոցներ թմբուկային այլ խցիկներից:
Այդ իսկ պատճառով առաջին ռևոլվերները լայնորեն չեն օգտագործվել: 1818 թվականին ամերիկացի Արտեմաս Ուիլերը ԱՄՆ-ում ստեղծել և արտոնագրել է կայծքարային փականով ռևոլվեր, որի կառուցվածքը արդեն բացառել է վառոդի մասնիկների թափանցումը թմբուկի այլ խցիկներ: Դա իրականացվել է զսպանակի օգնությամբ, որը կրակոցի ժամանակ թմբուկն առաջ է մղել: Նույն թվականին Ուիլերի՝ Կոլլիեր անունով նրա համաքաղաքացին և ընկերը արտոնագրել է այդ ռևոլվերը Անգլիայում: Այնտեղ նա բացել է գործարան, որտեղ արտադրվել են Ուիլերի նախագծած ռևոլվերները և որսորդական հրացաններ: Այնուամենայնիվ, այդ ռևոլվերը ևս ունեցել է բազմաթիվ թերություններ, որոնք ի վերջո լուծվել են հարվածային-պարկուճային մեխանիզմի հայտնագործմամբ:
Պարկուճը ստեղծել է անգլիացի զինագործ Ժոզեֆ Էգգը մոտավորապես նույն ժամանակ, երբ Ուիլերը ստեղծել է իր ռևոլվերը: Պարկուճի ստեղծմամբ ավարտվել է կայծքարային հրազենի դարաշրջանը, քանի որ պարկուճում վառոդի բռնկումը արդեն տեղի էր ունենում ձգանը քաշելիս պարկուճին հարվածով: Դրա շնորհիվ աճել է կրակի վարման տեմպը, պակասել են սխալները և զրոյացվել է եղանակի ազդեցությունը կրակի վարման վրա: Այնուամենայնիվ, ռևոլվերը դեռ լիցքավորվում էր փողից, բացի այդ էլ, դեռ կոմպակտ փամփուշտներ չկային: 1835 թվականի վերջին Սամուել Կոլտ անունով ամերիկացի մի երիտասարդ ստացել է աշխարհում առաջին կապսուլային ռևոլվերի արտոնագիր: Դա Կոլտ-Պետերսոնի ռևոլվերի արտոնագիրն է: Մեկ տարի անց Կոլտը սկսել է այդ ռևոլվերների մասսայական արտադրությունը:
1839 թվականից արտադրվել են արդիականացված Կոլտ-Պետերսոններ, որոնք արդեն ունեցել են լծակներ փամփուշտները թմբուկի մեջ մղելու համար, որն ավելի հեշտ և պարզ է դարձրել ռևոլվերի լիցքավորման գործընթացը: Կոլտը ստեղծել է նմանատիպ նաև այլ մոդելներ, բայց դրանք մեծ պահանջարկ չեն ունեցել, և միայն 1851 թվականին նրա կողմից արտադրված Կոլտ մոդել 1851-«Ծովայինն» է լայն ժողովրդականություն ստացել և արտադրվել ավելի քան 20 տարի: Այսպիսով, անհնար է միանշանակ նշել ռևոլվեր ստեղծողին: Իհարկե, Ուիլերն այն ստեղծել է ավելի վաղ, բայց հենց «Կոլտ» ատրճանակն է լայն տարածում գտել և ճանաչվել ամբողջ աշխարհում:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















































