Ինչո՞ւ և ինչպե՞ս ի հայտ եկավ փշալարը․«Փաստ»
ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
«Փաստ» օրաթերթը գրում է
Փշալարի գյուտը մարդկության տեխնոլոգիական առաջընթացի ամենակարևոր ձեռքբերումներից չէ: Այդուամենայնիվ, այն իր խորը ազդեցությունն է ունեցել աշխարհի վրա, չնայած ոչ միշտ դրական իմաստով: Փշալարի առաջացման պատմությունը կապված է Միացյալ Նահանգներում գտնվող Մեծ տափաստանի օգտագործման պատմության հետ: Այդ տարածքներ ժամանած անասնապահներին ու ֆերմերներին անհրաժեշտ էր ցանկապատել իրենց արոտավայրերը, որպեսզի այն պաշտպանեին «օտարներից» և վայրի կենդանիներից: Փայտից ցանկապատներ պատրաստելը շատ թանկ էր նստում, ավելի շահավետ էր մետաղալար օգտագործելը, սակայն դա որոշակի թերություններ ուներ: Կենդանիները գործնականում չէին նկատում մետաղալարե խոչընդոտը և անընդհատ ընկնում էին դրա վրա և տապալում ցանկապատի սյուները:
1873 թվականին Իլինոյս նահանգի Դե Կալբ բնակավայրում անցկացվող տոնավաճառում ֆերմեր Հենրի Ռոուզը առաջին անգամ ցուցադրել է իր գյուտը: Դա սովորական տախտակ էր, որի մեջ տարբեր կողմերից մեխեր էին խփված այնպես, որ դրանց սուր ծայրերը դուրս էին ցցված: Այս տախտակները նախատեսված էին մետաղալարե ցանկապատների վրա տեղադրելու համար, ինչը, ըստ գյուտարարի, անասունների համար անհաղթահարելի խոչընդոտ էր ստեղծում: Այդպես էլ սկսվել է փշալարի պատմությունը: Բանն այն է, որ տոնավաճառին մասնակցել է երեք ընկեր՝ Յակոբ Հեյշը, Այզեկ Էլվուդը, Ժոզեֆ Գլիդդենը, որոնք մեծ հետաքրքրություն են ցուցաբերել այդ գյուտի նկատմամբ: Նրանցից մեկը՝ ֆերմեր Գլիդդենը, որոշում է ստեղծել առանց տախտակի փշոտ ցանկապատ:
Նա սկսում է մետաղալարերը մանր կտորներով կտրել, ծայրերը սրել և մի քանի պտույտներով փաթաթել ցանկապատի հիմնական մետաղալարին, ընդ որում, ծայրերը բաց թողնելով, որպեսզի դրանք կատարեն նույն ֆունկցիան, ինչը կատարում են մեխերի սուր ծայրերը: Բայց նման կերպ ստեղծված փշերը ամրացված չէին և անընդհատ շարժվում էին մետաղալարի երկայնքով: Այդ ժամանակ Գլիդդենը որոշում է օգտագործել մետաղալարերի այլ կտորներ՝ ոլորելով դրանք արդեն պատրաստված փշերի վրա: Այսպիսով, ստացվել են չորսսայրանի այնպիսի փշեր, որոնք պինդ նստած են հիմնական մետաղալարի վրա: Այս կառուցվածքը այնքան հաջող էր, որ Այզեկ Էլվուդը Գլիդդենին առաջարկում է դառնալ գործընկեր և կազմակերպել փշալարերի համատեղ արտադրություն:
1874 թվականի նոյեմբերին Գլիդդենը արտոնագրում է իր գյուտը: Միևնույն ժամանակ Յակոբ Հեյշը արտոնագրում է փշալարի իր սեփական տարբերակը: Ընկերները ստեղծում են «Փշալարային ընկերությունը», որը միայն 1874 թվականի ընթացքում վաճառում է 5 տոննա «փշոտ» արտադրանք: Հաջորդ տարի ընկերության վաճառքն աճում է 60 անգամ: Հետագայում պահանջարկի աճը պայմանավորվել է նաև փշալարերի նոր տեսակների գյուտերով: Սկսվել են արտոնագրային մարտեր, որոնք տևել են երկար տարիներ:
Ի վերջո, հաղթող է դարձել Գլիդդենը, որի փշալարի ձևը ամենահաջողն էր: 1876 թվականին Գլիդդենը վաճառել է «Washburn and Moen» ընկերության իր մասնաբաժինը 60 000 ԱՄՆ դոլարով: Արդյունքում մինչև 1906 թվականը Ժոզեֆ Գլիդդենը եղել է Ամերիկայի ամենահարուստ մարդկանցից մեկը: Ներկայումս փշալարերն ավելի շատ ուրիշ նպատակներով են օգտագործվում, այդ թվում՝ պետական սահմաններին կամ ցուցարարների դեմն առնելու համար:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















































