Մոսկվան սպասում է Մի-24-ի ուղղաթիռի խոցման միջադեպը հետաքննելու մասին Ալիևի հավաստիացումների իրականացմանը. ՌԴ ԱԳՆ
INTERNATIONAL NEWSՄոսկվան ակնկալում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հավաստիացումների շուտափույթ իրականացում`Հայաստանի երկնքում խփված ռուսական Մի-24 ուղղաթիռի հետ կապված միջադեպը հետաքննելու և պատասխանատուներին պատժելու մասով:
Այս մասին ՏԱՍՍ գործակալությանը տեղեկացրել են ՌԴ արտգործնախարարությունից` մեկնաբանելով Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուի խոսքերը, թե «պատերազմում, ինչպես պատերազմում, ամեն ինչ կարող է պատահել»:
«Մենք ակնկալում ենք, որ գործը հետաքննելու և մեղավորներին պատժելու մասով նախագահ Ալիևի հավաստիացումները կիրականացվեն: Մենք ելնում ենք նրանից, որ ողբերգական միջադեպի հետ կապված ադրբեջանական կողմը այլևս իրեն ոչ մի երկիմաստ հայտարարություն թույլ չի տա»,- նշել են ՌԴ ԱԳՆ-ում:
Նախարարությունում ընդգծել են, որ եթե Ռուսաստանը հավատարիմ լիներ «պատերազմում ինչպես պատերազմում» սկզբունքին, Մի-24-ի հետ կապված միջադեպի արձագանքը ջախջախիչ կլիներ: «Մոսկվայում ընդունել են Բաքվի խոսքերը մեղավորության ընդունման և ներողություն խնդրելու մասին»,- նշել են ԱԳՆ-ում:
Հիշեցնենք, որ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Հայաստանում՝ Երասխ բնակավայրի մոտակայքում ընկած ռուսական Մի-24 ուղղաթիռը խոցվել է:
«Նոյեմբերի 9-ին՝ Մոսկվայի ժամանկով 17:30-ի սահմանում, Հայաստանի տարածքում 102-րդ ռուսական ռազմաբազայի ավտոշարասյան ուղեկցությամբ թռչելիս Երասխ բնակավայրի մոտակայքում՝ Նախիջևանի ինքնավար հանրապետության հետ սահմանի մոտ, ռուսական Մի-24 ուղղաթիռ է խոցվել ցամաքից շարժական զենիթահրթիռային համակարգից միջոցով: Կատարվածի հետևանքով ուղղաթիռը կործանվել է՝ ընկնելով լեռնային տեղանքում»,- ասվում է ՊՆ հաղորդագրության մեջ:



