ԵՄ-ն մտադիր չէ կիրառել ռուսական COVID-19 պատվաստանյութը
INTERNATIONAL NEWSԵվրամիությունը կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի համար կօգտագործի ԵՄ երկրներում արտադրված պատվաստանյութերը։ Այս մասին է ասել Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Էրիկ Մամերը: Հաղորդում է Interfax գործակալությունը։
Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչը հինգշաբթի Բրյուսելում կայացած ճեպազրույցում ասել է, որ ԵՄ-ն պատվաստանյութերի վերաբերյալ իր ռազմավարությունն ունի, որը կիրառում է դեղագործական ընկերությունների հետ բանակցություններում: Ըստ նրա՝ Եվրամիության մոտեցումն այն է, որ Բրյուսելը կենտրոնանա «մի խումբ ընկերությունների վրա, որոնք արտադրում են կամ արտադրելու են պատվաստանյութերը Եվրոպայում»:
Եվրահանձնաժողովի ներկայացուցիչն այս խնդրին է անդրադարձել, երբ նրան հարց է ուղղվել, թե արդյոք Եվրամիությունը պատրաստ է դիմել ոչ եվրոպական, մասնավորապես, չինական և ռուսաստանյան ծագում ունեցող պատվաստանյութերին։



