Նիդերլանդների նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին
POLITICSՀայաստանում Նիդերլանդների նորանշանակ դեսպան Յոհաննես Դաուման (նստավայրը` Թբիլիսի) դեկտեմբերի 9-ին իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, ողջունելով դեսպանին՝ փոխնախարար Սերգեյ Մանասարյանը հույս է հայտնել, որ նորանշանակ դեսպանն իր փորձն ու գիտելիքները կներդնի ի նպաստ հայ-նիդերլանդական բարեկամական հարաբերությունների զարգացման:
Դեսպան Դաուման վստահեցրել է, որ նպատակադրված է գործուն քայլեր ձեռնարկել համագործակցության ընդլայնման համար երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում։
Զրույցի ընթացքում կողմերն ընդգծել են քաղաքական երկխոսության ակտիվացման, առևտրատնտեսական հարաբերությունների, միջազգային կազմակերպություններում համագործակցության խորացման անհրաժեշտությանը, ինչպես նաև անդրադարձել Նիդերլանդների կողմից Հայաստանում իրականացվող մի շարք ծրագրերին։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային կարևորություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ։



