Պատերազմի բերած նոր աշխարհը
BLOG
Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրում է
Պատերազմը շատ բան փոխեց մեր հայացքներում, արժեհամակարգում։ Հետայսու քաղաքական գործիչների խոսքն ավելի պատասխանատու և պրագմատիկ պետք է դառնա՝ զերծ պատրանքներից ու զգացմունքներից, անիրական նպատակներից ու օրակարգերից։
Պատերազմը բացահայտեց արևմտյան աշխարհի, տրանսատլանտյան և եվրոպական կառույցների մի կողմից արժեքային և ինստիտուցիոնալ ճգնաժամը, մյուս կողմից՝ քաղաքական ցինիզմն ու անտարբերությունը։
Այս համատեքստում Ռուսաստանն ու նրա նախագահը շատ ավելի ընկալելի են՝ իրենց հակասական դիրորոշումներով և ուղերձներով հանդերձ։
Խոստովանում եմ՝ մինչև պատերազմը թերագնահատել եմ ռուսական պրագմատիզմը, գերագնահատել եմ ամերիկյան "ինքնատիպությունն" ու եվրոպական "հումազնիմը"։ Հիմա, որպես քաղաքական գործիչ՝ էականորեն այլ հայացքով եմ նայում աշխարհին։
Ֆրագմենտացիան, սուվերենիզացիան, էգոիզմը ծիլեր էին արձակել նաև մինչև կորոնավիրուսը, սակայն դրանց դրսևորումը ավելի տեսանելի դարձավ պանդեմիայից հետո։ Մտածում եմ՝ այսօրվա աշխարհը մենք մեր հոգու խորքում "բացահայտել" էինք մինչև պատերազմը, սակայն դրա մասին բարձրաձայնում ենք այսօր, երբ արևմտյան "հումանիզմը" ընկրկեց ադրբեջանաթուրքական ահաբկչության առաջին իսկ գրոհից։
Մենք կարող ենք և ունենալու ենք մեր ազգային, պետական օրակարգը՝ Հայաստանի սուբեկտությամբ և ինքնիշխանությամբ։ Հենց դրա համար են անմահանում մեր հերոսները։




















































