Հայրենիքին նվիրաբերված կյանք
SOCIETYՄեր դեմ սանձազերծված պատերազմը յուրաքանչյուր օր վշտալի սուրհանդակներ է ուղարկում հայ ընտանիքներ: Մեծ ցավով նշում ենք, որ նման գույժ հարվածեց նաեւ մեր լավ բարեկամ եւ բարի գործընկեր, արցախցի անվանի լրագրող ու հրապարակախոս Միքայել Հաջիյանի ընտանիքին: Ընդ որում, արդեն երկրորդ անգամ` «Դժբախտությունը մենակ չի գալիս» ասացվածքին լիովին համապատասխան…
Այս պատերազմը տարավ Միքայելի ու Ֆլորայի կրտսեր որդուն` Երվանդին, ով աշխատում էր Արցախի Հանրապետության ԱԳՆ-ում, «Հայքի սերունդ» արցախյան ՀԿ-ի վարչության անդամ էր: Ագրեսիայի առաջին իսկ օրերից նա առանց վարանումների կամավոր զինվորագրվեց հայրենիքը ոսոխից պաշտպանելու սրբազան գործին: Եվ ահա…
Երվանդ Հաջիյանի զոհվելու մասին առաջիններից մեկը, վկայակոչելով արցախցի արձակագիր, սցենարիստ ու հրապարակախոս Սպարտակ Ղարաբաղցյանին, հաղորդեց «News.am» լրատվական գործակալությունը: «Քիչ առաջ սեւ լուր ստացա. զոհվել է Միքայել Հաջյանի որդին՝ Երվանդը: Ապրիլյան պատերազմին էլ զոհվել էր Երվանդի եղբայրը»,- գրել էր Ղարաբաղցյանը «Facebook» սոցցանցի իր էջում:
Արդարեւ, Հաջիյաններն ուրիշի պատմելով չէ, որ գիտեն, թե պատերազմն ինչ բան է: Միքայել Հաջիյանի ավագ որդին` Նորայրը (1976-2016), դեռ 1992-1995 թվականներին, կամավորական ջոկատների շարքում, մասնակցեց Հայաստանի պաշտպանության (Շուռնուխ, Կոռնիձոր) եւ ԼՂ ինքնապաշտպանության (Լաչին, Ղուբաթլու, Օմարի լեռնանցք, Մարտակերտ) համար մղված մարտերին։ Հետո կռվել է 2015-ի օգոստոսին, 2016-ի ապրիլին: Կրթությամբ տնտեսագետ էր, երկար տարիներ աշխատեց «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերությունում, այնուհետեւ` ԼՂՀ գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամում: Պարգեւատրվել է ՀՀ ՊՆ «Դրաստամատ Կանայան» եւ «Վազգեն Սարգսյան», ԼՂՀ «Մայրություն» ՀԿ-ի «Մայրական երախտագիտություն» մեդալներով, ԼՂՀ «Մարտական ծառայություն» մեդալով (հետմահու):
Նորայրը, քառասուն տարին դեռ չբոլորած, հերոսաբար զոհվեց 2016-ի ապրիլի 5-ին Թալիշի պաշտպանական մարտերի ժամանակ: Երվանդը, որպես ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեսչության պատասխանատու աշխատակից, այն օրերին ուղեկցում էր Արցախ ժամանած արտասահմանյան ԶԼՄ-ների ներկայացուցիչներին: «Ռուսաստանյան հեռուստալրագրողները հետո պատմում էին (Թալիշի կատաղի հրետակոծումն ու դրա հետեւանքները հաջողվեց նկարահանել ռուսաստանյան «ОРТ» հեռուստաալիքի նկարահանող խմբին.- Ա.Գ.), որ այստեղ այդ առումով շատ ավելի ծանր է, քան Դոնեցկում»,- դառնությամբ հիշում էր Երվանդը: Իսկ հիմա արդեն նրա՛ն ենք ստիպված լինելու հիշել…
Սարսափելի է նույնիսկ պատկերացնել միշտ կենսուրախ ու բարյացակամ (բայց միաժամանակ` սկզբունքային եւ սնամեջ դատարկախոսություն չհանդուրժող) Միքայել Հաջիյանի եւ տիկին Ֆլորայի ներկայիս վիճակը: Անշուշտ, նույնիսկ ամենաանկեղծ սփոփանքներն ի վիճակի չեն մեղմելու այս նոր ողբերգությամբ պատճառված ցավը: Բայց մենք, համենայնդեպս, կհասցեագրենք այդպիսիք մեր լավ ընկերոջը: Միքայել եւ Ֆլորա, թանկագիններս, պի՛նդ կացեք: Մատաղ Հաջիյաններն են աճում` ձեր թոռնիկները, ում դուք շատ եք անհրաժեշտ: Ուրեմն` հավիտենության գիրկն անցած ձեր որդիները ձեզ հետ են մնում…



