Կամավոր ատեստավորում անցնող ուսուցիչների աշխատավարձը կբարձրանա, եթե...․«Փաստ»
SOCIETY«Փաստ» օրաթերթը գրում է
ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ուսուցիչների՝ սեփական նախաձեռնությամբ (կամավոր) ատեստավորման համակարգի ներդրման փորձնական ծրագիրը, ընթացակարգը և ժամանակացույցը: Նշվում է, որ ծրագրի նպատակն է խրախուսել լավագույն մասնագետների մուտքը դպրոց՝ զուգահեռաբար ապահովելով արդեն աշխատող ուսուցիչների մասնագիտական զարգացումը և նպաստել լավագույն ուսուցիչների խրախուսմանը՝ փորձարկելով և ներդնելով վարձատրության նոր մեխանիզմներ: Առաջարկվում է կամավոր ատեստավորման միջոցով իրականացնել ուսուցիչների մասնագիտական գիտելիքների և հմտությունների ստուգում՝ որպես արդյունք ունենալով ուսուցիչների խրախուսումը:
Կամավոր ատեստավորումը որոշակի ժամանակահատվածում կգործի պարտադիր ատեստավորմանը զուգահեռ և ուսուցիչներին աշխատավարձի բարձրացման հնարավորություն կընձեռի: Մասնավորապես՝ կամավոր ատեստավորման արդյունքում` 90 տոկոս և ավելի արդյունավետություն ցուցաբերած ուսուցիչները կհամարվեն ատեստավորումն անցած, կստանան աշխատավարձի 50 տոկոսի չափով ավելացում: 80 տոկոս և ավելի արդյունավետություն ցուցաբերած ուսուցիչները կհամարվեն ատեստավորումն անցած, կստանան աշխատավարձի 30 տոկոսի չափով ավելացում, 60-79 տոկոս արդյունավետություն ապահոված ուսուցիչները կհամարվեն ատեստավորումն անցած` առանց աշխատավարձի բարձրացման:Ավելի ցածր արդյունավետության դեպքում ուսուցիչը կարող է վերաատեստավորվել մեկ տարի անց:
Նախարարությունը ներկայացրել է նաև ատեստավորման ժամանակացույցը.
• Առաջին տարում ատեստավորումը նախատեսվում է անցկացնել 10-12-րդ դասարաններում հայոց լեզու, հայոց պատմություն, մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա և կենսաբանություն առարկաները դասավանդող ուսուցիչների համար:
• Երկրորդ տարում՝ 10-12-րդ դասարաններում մյուս առարկաները դասավանդող ուսուցիչների համար, ինչպես նաև 5-9-րդ դասարանների հայոց լեզու, հայոց պատմություն, մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա և կենսաբանություն առարկաները դասավանդող ուսուցիչների համար: Երկրորդ տարվանից սկսած ատեստավորման այս եղանակը կգործի իբրև պարտադիր համակարգ նոր մուտք գործող այն ուսուցիչների համար, որոնք դասավանդելու են 10-12-րդ դասարաններում:
• Երրորդ տարում 1-4-րդ դասարաններում դասավանդող դասվարների և 5-12-րդ դասարաններում այլ առարկաներ դասավանդող ուսուցիչների համար: Երրորդ տարվանից սկսած ատեստավորման այս եղանակը պարտադիր կլինի համակարգ նոր մուտք գործող այն ուսուցիչների համար, որոնք դասավանդելու են 5-9-րդ դասարաններում:
• Չորրորդ տարում ատեստավորման այս եղանակն անցկացվելու է նույն սկզբունքով 1-12-րդ դասարաններում դասավանդող բոլոր ուսուցիչների համար: Ինչպես նաև պարտադիր՝ 1-12-րդ դասարաններում դասավանդել ցանկացող նոր համակարգ մտնող ուսուցիչների համար։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



