Հակառակորդի դեմ մարտերում նահատակվել են կամավոր հայրն ու ժամկետային զինծառայող որդին
SOCIETYԱդրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով Արցախում զոհվել են Փարաքարի բնակիչներ հայր և որդի Կարապետյանները։
Հայրը՝ 56-ամյա Էդիկ Կարապետյանը, որպես կամավոր էր մեկնել ռազմաճակատ, որդին՝ 19-ամյա Արմենը, ժամկետային զինծառայող էր։
«Էդիկը մասնակցել էր Արցախյան պատերազմին, հետո որպես կամավոր՝ Ապրիլյան պատերազմին, այս անգամ էլ առաջիններից էր, որ մեկնեց ռազմաճակատ, շատ հայրենասեր և պատվարժան մարդ էր, հենց հակառակորդի փամփուշտի ձայնը լսում է, վազում էր սահման։ Նույն ոգով էլ դաստիարակել էր որդուն»,– NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Փարաքարի համայնքապետ Դավիթ Մինասյանը։
Ընտանիքն ապրում էր հասարակ գյուղացու կյանքով. հայրը զբաղվում էր անասնաբուծությամբ։
Արմենը ծառայությունն ավարտելուց հետո ցանկանում էր համալսարան ընդունվել։
Հայր և որդի սահմանի տարբեր ուղղություններում են եղել, ընտանիքը նախ որդու մահվան լուրն է ստացել, ապա՝ հոր։ «Հայրը չի իմացել, որ որդին զոհվել է։ Մինչեւ այդ խոսել էր ընտանիքի հետ, ասել էր՝ ամեն բան լավ է լինելու, հաղթելու ենք, Արմենը լավ է, չանհանգստանաք»,– պատմեց Դավիթ Մինասյանը։
Հորը եւ որդուն հուղարկավորել են նույն օրը՝ հոկտեմբերի 6-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։



