Yerevan, 27.September.2026,
00
:
00
BREAKING


Ֆինանսական գաղտնի մանրամասներ՝ Իսրայելից Ադրբեջան զինամթերքի մատակարարման վերաբերյալ. hetq.am

INTERNATIONAL NEWS

Բացահայտվել են  ֆինանսական գաղտնի մանրամասներ՝ Իսրայելից Ադրբեջան զինամթերքի մատակարարման վերաբերյալ։ Ռուս լրագրողներին հաջողվել է պարզել, որ Ադրբեջանին զինամթերք մատակարարած իսրայելական պետական կազմակերպությունները Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կապված օֆշորային միջնորդներին միլիոնավոր դոլարներ են վճարել։ Այս մասին գրում է hetq.am-ը։

«Նախորդ շաբաթվա վերջին Հայաստանն Իսրայելից հետ կանչեց իր դեսպանին։ Պատճառը Իսրայելի կողմից Ադրբեջանին զենքի մատակարարումն էր, որը կիրառվում էր Լեռնային Ղարաբաղում», հիշեցնում է կայքը։

Ըստ աղբյուրի՝ Իսրայելն արդեն երկար տարիներ զենք է մատակարարում Իլհամ Ալիևի ռեժիմին, սակայն այդ գործարքների վերաբերյալ փաստաթղթերը լրագրողներին հասանելի են դարձել միայն վերջերս:

«Սույն թվականի սեպտեմբերի 20-ին 90 երկրներից ավելի քան 400 լրագրողներ հրապարակեցին համատեղ հետաքննություն ավելի քան երկու տրիլիոն դոլարի կասկածելի գործարքների մասին, որոնք անցել են ամերիկյան բանկերով։ Այդ նախագիծը հիմնված էր ԱՄՆ ֆինանսական հետախուզության գաղտնի փաստաթղթերի վրա։

Istories-ը FinCEN-ի արխիվներում հայտնաբերվել են ֆինանսական գաղտնի մանրամասներ՝ Իսրայելից Ադրբեջան զինամթերքի մատակարարման վերաբերյալ։ Ռուս լրագրողներին հաջողվել է պարզել, որ Ադրբեջանին զինամթերք մատակարարած իսրայելական պետական կազմակերպությունները Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կապված օֆշորային միջնորդներին միլիոնավոր դոլարներ են վճարել։ Զենքի իսրայելական վաճառողները օֆշորային միջնորդների համար նախատեսված գումարները փոխանցել են ռուսական «Ֆինանսական միջազգային ակումբ» («Международный финансовый клуб») բանկ, որի բաժնետերերից է «Ռոստեխ» ռուսական պետական ընկերության ղեկավար Սերգեյ Չեմեզովի կինը։ Չեմեզովը ժամանակին Պետական անվտանգության կոմիտեում եղել է Վլադիմիր Պուտինի ծառայակիցը։

2017 թվականի դեկտեմբերին The Bank of New York-ի աշխատակիցները FinCEN-ին 100 միլիոն դոլարից ավելի փողերի հնարավոր լվացման մասին հաշվետվություն են ուղարկել։ Մասնավորապես, ամերիկյան բանկի աշխատակիցների ուշադրությունը գրավել էին Israel Military Industries Ltd (IMI Systems Ltd) իսրայելական պետական ընկերության գործարքները Բրիտական Վիրջինյան կղզիներում գրանցված Jetfield Network օֆշորային ընկերության հետ։ 2017 թվականի 6 ամիսների ընթացքում IMI Systems Ltd-ն Jetfield Network-ին վճարել է մոտ հինգ միլիոն դոլար։

IMI Systems Ltd-ն ամբողջությամբ պատկանում է Իսրայել պետությանը։ Դատելով ամերիկացի դիվանագետների զեկույցներից, որոնք հրապարակել է WikiLeaks-ը, այդ ընկերությունը Ադրբեջանին տրամադրում է համազարկային կրակի հրթիռային համակարգեր, այդ թվում՝ «Գրադ» և Lynx, որոնք այս օրերին ակտիվորեն կիրառվում են Լեռնային Ղարաբաղում ընթացող մարտերի ժամանակ։

Չնայած, որ Jetfield Network ըներությունը գրանցված է Բրիտանական Վիրջինյան կղզիներում, այն օգտվել է ռուսական «Международный финансовый клуб» բանկի ծառայություններից։ Դրա հիմնական բաժնետերը բիզնեսմեն Միխայիլ Պրոխորովն է (նրան է պատկանում բաժնետոմսերի 47,8 տոկոսը)։ Բաժնետոմսերի 6,5 տոկոսն էլ պատկանում է Եկատերինա Իգնատովային՝ «Ռոստեխի» ղեկավար Սերգեյ Չեմեզովի կնոջը։

The Bank of New York-ի աշխատակիցները դեռ 2016 թվականին հարցում էին ուղարկել «Международный финансовый клуб»-ին՝ հասկանալու, թե ինչու է Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված ընկերությունը օգտվում ռուսական բանկի ծառայություններից, և ինչու է այն միջոցներ ստացել Ադրբեջանին իսրայելական զենք մատակարարողից։ «Международный финансовый клуб»-ից ամերիկացի գործընկերներին հայտնել են, թե Jetfield Network-ը իրենց ծառայություններից օգտվում է 2015 թվականի օգոստոսից, ընկերության հիմնական գործունեությունը խորհրդատվական և մարքեթինգային ծառայությունների տրամադրումն է, իսկ նրա միակ սեփականատերը Ադրբեջանի քաղաքացի ոմն Ջավիդ Հուսեյնովն է։ Դատելով Jetfield Network ընկերության գործունեության բնույթից՝ Հուսեյնովը կարող է ընդամենը խաղալ ընկերության անվանական սեփականատիրոջ դերը։

Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագծին (OCCRP) հաջողվեց պարզել, որ Jetfield Network ընկերությունը ուղղակիորեն կապված է Ադրբեջանի իշխանությունների հետ և վերջիններիս կողմից օգտագործվել է եվրոպական քաղաքական գործիչներին կաշառելու համար։

Մասնավորապես, ինչպես բացահայտել է Իտալիայի դատախազութունը, Jetfield Network ընկերությունը 2013 թվականին վճարել է Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) անդամ հանդիսացող Եվրոպական Ժողովրդական կուսակցության իտալացի նախկին նախագահ Լուկա Վոլոնտեի հետ առնչություն ունեցող ընկերություններին։ «Այդ վճարումների հետ կապված էլ Վոլոնտեն մեղադրվում է կոռուպցիայի մեջ։ Ըստ դատախազության, նա փորձել է հերքել ԵԽԽՎ զեկույցում ներկայացված փաստերը, որոնք քննադատում էին ադրբեջանական իշխանություններին՝ քաղբանտարկյալների և մարդու իրավունքների այլ խախտումների համար»,- գրել էր OCCRP-ն։

Իտալիայի դատախազության առգրաված նամակներից հետևում է, որ Jetfield Network ընկերության անունից արված վճարումների հետևում կանգնած է եղել ԵԽԽՎ-ում Ադրբեջանի ներկայացուցիչ Էլհան Սուլեյմանովը։ Վոլոնտեին վճարումները «Ադրբեջան-2020․ ժպիտով դեպի ապագա» լայնածավալ ծրագրի մաս են կազմել։ Ինչպես հայտնել էր OCCRP-ն՝ հղում անելով իտալական դատախազության առգրաված նամակներին, ծրագրի նպատակն է եղել բարելավել Ադրբեջանի միջազգային հեղինակությունը, որը լրջորեն ընկել էր անկախ լրագրողների հետապնդումների, ընդդիմության ճնշումների և մարդու իրավունքների խախտումների պատճառով։ Այս պլանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի անձնական նախաձեռնությունն էր։

Ինչպես պարզ դարձավ ԱՄՆ ֆինանսական հետաքննության գաղտնի փաստաթղթերից, Jetfield Network ընկերությունը Ալիևի ռեժիմն օգտագործել է ոչ միայն եվրոպացի քաղաքական գործիչներին կաշառելու, այլև իսրայելական զինամթերք մատակարարողից կասկածելի վճարումներ ստանալու համար։ Եվ դրանում կարևոր դեր է խաղացել ռուսական բանկը, որը պատկանում է Չեմեզովի կնոջը:

Jetfield Network-ը գումարներ է ստացել ոչ միայն իսրայելական համազարկային կրակի հրթիռային համակարգերի մատակարարից, այլև զենք արտադրող մեկ այլ՝ Israel Aerospace Industries Ltd պետական ընկերությունից։ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի մարտերում ակտիվորեն օգտագործում է IAI ընկերության հարվածային անօդաչու թռչող սարքերը։ Մի քանի օր առաջ իսրայելական Walla կայքին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը գովել է այդ անօդաչու սարքավորումների մարտական որակը։ «Եթե հայերը վախենում են այդ դրոններից, նրանք պետք է դադարեցնեն բռնազավթումը»,- նշել էր նա։

Ինչպես հայտնել է The Times of Israel-ը, IAI պետական ընկերությունը Jetfield Network-ին և Ադրբեջանի իշխանությունների հետ կապված մեկ այլ օֆշորային ընկերության վճարել է ընդհանուր առմամբ 155 միլիոն դոլար։ Ընդ որում, այս կասկածելի վճարումները սկսվել են այն բանից հետո, երբ IAI-ը 2012 թվականին Ադրբեջանի հետ ստորագրել է, ընդհանուր առմամբ, 1,6 միլիարդ դոլարի զինամթերքի մատակարարման պայմանագիր։

Istories-ին ԱՄՆ ֆինանսական հետախուզության գաղտնի փաստաթղթերում հաջողվել է հայտնաբերել IAI-ի կողմից Ադրբեջանի հետ կապված ընկերությունների հետ այլ գործարքներ, որոնց մասին ավելի վաղ հայտնի չէր։ 2016 թվականի հունիսից մինչև 2017 թվականի մայիս IAI-ը 2,8 միլիոն դոլար է վճարել Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված Bakinshaat Group Ltd. ընկերությանը։ Ընկերության կայքից պարզ է դառնում, որ այն մասնագիտացած է շինարարության ոլորտում և մասնակցում է Ադրբեջանի պետական մի քանի նախագծերին։

Ընդ որում, ինչպես նշվում է կասկածելի գործարքների հաշվետվության մեջ, Bakinshaat Group Ltd. ընկերությունը սպասարկվել է «Международный финансовый клуб»-ի այն նույն բանկում, որին փոխանցումներ է արել նաև Ադրբեջանին հրթիռային համակարգերի իսրայելական մատակարարը։

Ինչպես նշում է The Times of Israel-ը, Իսրայելը Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության օտարերկրյա բարձրաստիճան անձանց կաշառք տալու դեմ պայքարի կոնվենցիային միացել է 2009 թվականին։ Այդպիսով, եթե Իսրայելի իրավապահ մարմիններն ապացուցեն, որ Ալիևի ռեժիմի հետ կապ ունեցող օֆշորային ընկերություններին իսրայելական պետական ընկերությունների վճարումները կարող էին, օրինակ, հանդիսանալ զենքի մատակարարման դարձավճարներ (ատկատներ), ապա դա կհանգեցնի քրեական գործի հարուցման։

Ինչո՞ւ այս շղթայում զենքի վաճառքի իսրայելական պետական ընկերություններին, օֆշորային միջնորդներին և Ադրբեջանի իշխանությանը կարող էր պետք գալ ռուսական բանկը։ Istories-ի հետ զրույցում ռուսական բանկերից մեկի սեփականատերը, որն անձնական անվտանգությունից ելնելով նախընտրել է անանուն մնալ, ենթադրել է, որ «Международный финансовый клуб» բանկի ղեկավարները և մարդիկ, որոնք կարող են օֆշորային միջնորդների թիկունքում լինել, հնարավոր է ունեն մտերիմ հարաբերություններ, քանի որ այդպիսի «նուրբ գործարքներում», երբ խոսքը զենքի մատակարարման և օֆշորային միջնորդներին վճարման մասին է, կարևոր է ունենալ վստահելի հարաբերություններ բանկիրների հետ, որպեսզի փոխանցումները անմիջապես չարգելափակվեն։ Եվ «Международный финансовый клуб» բանկն այդ իմաստով կարող էր լինել տրամաբանական ընտրություն այնպիսի ընկերությունների համար, որոնք ներքաշված են զենքի մատակարարման սխեմաներում, որովհետև բանկի բաժնետերերից մեկը՝ Եկատերինա Իգնատովան «Ռոստեխ» պետական ընկերության ղեկավարի կինն է», գրում է hetq.am-ը։

Կայքը հիշեցնում է, որ «Ռոստեխ»-ի կազմում է «Ռոսօբորոնէքսպորտ»-ը՝ ռուսական զենքի գլխավոր արտահանողը։ «Ռոսօբորոնէքսպորտ»-ը փոխանցումների համար ևս օգտագործել է «Международный финансовый клуб» բանկը, որը կասկածներ է առաջացրել ամերիկյան բանկերի շրջանում։ Օրինակ՝ «Ռոսօբորոնէքսպորտ»-ը վճարել է Ինդոնեզիայի նախագահի մտերիմներից մեկին։ Այդ երկիրը գնում է ռուսական կործանիչներ և ռազմական այլ տեխնիկա։

«Международный финансовый клуб» բանկը չի պատասխանել Istories-ի հարցերին։

«Իսրայելից Ադրբեջան զենքի մատակարարման պատմությունը լավագույնս ապացուցում է այն թեզը, որ կոռուպցիան սպանում է։ Եթե զենք վաճառվի բռնապետերին, ընդ որում՝ թույլ տալով, որ գումար աշխատեն նաև բռնապետերի հետ կապ ունեցող օֆշորային միջնորդները, իսկ այդ միջոցները, սեփական իմիջը բարելավելու համար, ուղղեն ամբողջ աշխարհում քաղաքական գործիչների «գնման» վրա, ապա վաղ թե ուշ բռնապետերը կսկսեն այդ զենքով սպանել։ Եվ այս պարագայում խոսքը միայն Ադրբեջանի մասին չէ», գրում է hetq.am-ը։

Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round Ahead