«Մեզ հաղթելն անհնար է, մեր տղերքն իրենց գործը փայլուն են կատարում».Վիգեն Ստեփանյան
SOCIETYՊատերազմ Արցախում: Օր վեցերորդ: Մի քանի երկրների հայտարարությունները, կարծես, ավելի հասցեական են դառնում, ուղղված են Ադրբեջանի սանձազերծած պատերազմին Թուրքիայի ներգրավվածությանը, քաղաքացիական խաղաղ բնակչությանը թիրախ դարձնելուն, լրագրողներին հասցված հարվածներին:
Հայկական զինված ուժերը շարունակում են պատվով կատարել իրենց առաքելությունը արցախա-ադրբեջանական սահմանին՝ ուշադրություն չդարձնելով հայտարարություններին ու կոչերին՝ հարցի քննարկումների այդ կողմը թողնելով քաղաքական գործիչներին:
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյանը նշում է՝ համախմբումը գաղափարի շուրջ ավելի քան կարևոր է: «Եվս մեկ անգամ ապացուցեցինք, որ օրհասական պահին կարող ենք լինել կողք-կողքի, նույն ազնվությամբ ու քաջությամբ մտածել ու գործել: Սա ևս մեկ ապացույցն է, որ փաստորեն, մեզ հաղթելն անհնար է: Մենք չենք պայքարում փողի, ռազմատենչ հայտարարությունների կամ էլ կիսախելագար ղեկավարների ամբիցիաների համար: Մենք պայքարում ենք մեր հողի, ծննդավայրի, ընտանիքի համար: Դա շատ կարևոր է, ապացուցված է, որ դրան հնարավոր չէ հաղթել: Մեր տղերքն իրենց գործը փայլուն են կատարում, շատ ավելի լավ են պատրաստված: Համախմբումը գաղափարի շուրջ ավելի քան կարևոր է, դա էություն է, ապրելակերպ, այդպես պետք է միշտ լինի: Առաջին բանը, որ պետք է փոխանցենք մեր սերունդներին այն է, որ հայրենիքն ամենից կարևորն է»,-Past.am-ի հետ զրույցում ասաց Վիգեն Ստեփանյանը:
Լուսինե Առաքելյան



