«Մեր կողմում սերն է, մյուս կողմում՝ ատելությունը»
SOCIETYՈչ մեկ անգամ հայ ժողովուրդն առիթներ է ունեցել ապացուցելու՝ վտանգի պահին մեկ բռունցք է, անպարտելի ուժ: Երբ սեպտեմբերի 27-ի առավոտյան Ադրբեջանը հերթական անգամ պատերազմ հրահրեց Արցախի դեմ, հայ ժողովուրդը կրկին ցույց տվեց իր միասնությունը հայրենիքի գաղափարի շուրջ:
Դերասան Դավիթ Հակոբյանը նշում է՝ այս պահին շատ դժվար է խոսելը, ինչ-որ բան ասելը:
«Սա այն պահն է, որ մեր դարավոր կանչին պետք է հետևենք: Պետք է հասկանանք, որ բոլորս մեկ ենք, որտեղ էլ լինենք, ինչով կարող ենք պետք է նվիրվենք այս գործին: Սա այն պահն է, որ արդեն հետ գնալու տեղ չունենք, արդեն վերջին հարվածը տալու ժամանակն է: Ես վստահ եմ, որ մենք դա անելու ենք, հավատում եմ, որ դա անելու ենք: Իսկ մնացած հարցերն այնքան մանր, զզվելի ու նողկալի են դառնում, երբ հասկանում ես, որ դանակը հասել է ոսկորին: Այս ցավին պետք է դիմանանք: Էս տեսակ բաներ շատ ենք անցել: Սա էլ ենք անցնելու, որովհետև մեր կողմում սերն է, մյուս կողմում՝ ատելությունը, մեր կողում համաձայնությունն է, մյուս կողմում՝ անհամաձայնությունը, մեր կողմում ազնիվն է, մյուս կողմում՝ դժբախտաբար, կեղծիքը, սուտը: Մենք բռունցքվեցինք հայրենիքի ու զինվորի շուրջ: Մենք այդպիսին ենք: Ուրիշ բան անել չենք կարող: Մեր պապերն են դա արել, մեր պապերի պապերն են արել: Ու հիմա էլ մենք ենք անելու: Ուրիշ ճանապարհ չկա»,-Past.am-ի հետ զրույցում ասաց Դավիթ Հակոբյանը:
Լուսինե Առաքելյան



