Բանակցությունների արդյունքում է, որ ցուցարարների առաջ ոստիկանական պատ չկա. նախաձեռնության անդամ
SOCIETYԹե ինչու ցուցարարներն առաջ չեն գնում՝ մոտենալով Նախագահի նստավայրին, երբ նրանց առաջ ոստիկանական պատ չկա, բացի մի քանի պատնեշներից և հատուկենտ ոստիկաններից, «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը նշեց, որ դրա համար պայմանավորվածություն է եղել ոստիկանության հետ, և ցուցարարները խոստացել են, որ առաջ չեն գնա:
«Մենք պայմանավորվել ենք ոստիկանության հետ, պարոն Վալերի Օսիպյանի հետ, որ առաջ չենք գնա, տղաներին ասեք՝ գնան հանգստանան: Նրանք սկզբում չէին հավատում, բայց հետո համոզվեցին, որ ցույցը խաղաղ է: Բանակցությունների արդյունքում է, որ ոստիկան չկա, իրենք էլ հասկացան, որ մենք չենք գնում սադրանքների, Մայդանի վերածելու։ Այս աղբամանները մեր ապահովության երաշխիքն են, ուրիշ ոչ մի բան, աղբամանում աղբից բացի այլ բան չկա, մենք ցույց տվեցինք, որ այնտեղ քար, սառը զենք և նման բաներ չկան»,-ասաց նա:
Իսկ թե ինչո՞վ կբացատրի ոստիկանության գործողությունների փոփոխությունները, որ երեկվանից ուժ չի գործադրվել, Վաղինակ Շուշանյանը նշեց, որ դա բռնություններից հետո ստացած լայն արձագանքն էր, որին անդրադարձան նաև միջազգային շատ լրատվամիջոցներ, եղան դատապարտող հայտարարություններ:
«Բացի այդ, տեսնելով, որ մենք չենք հակազդում և չենք էլ պատրաստվում հակազդել, ընդհակառակը՝ այդքանից հետո ասում ենք՝ դուք էլ մերն եք, նրանք արդեն ավելի մեղմ են»,-ասաց նա:
Չնայած քաղաքական գործիչների ներկայությանը՝ նախաձեռնության անդամը նշեց, որ ոչ մի քաղաքական ուժի թույլ չեն տա հարթակ բարձրանալ:
«Այդ դեպքում կկորցնենք մեր ռեսուրսը»,-ասաց նա և հավատացրեց, որ իրենք իրենց այս դիրքը չեն զիջելու, եթե նույնիսկ կրկին ոստիկանները բռնություն կիրառեն, մինչև իրենց պահանջն ի կատար չածվի:



