Ժանյակե կտորներից, եգիպտացորենի ցողուններից մինչև... թուղթ
ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆերկայումս բոլորն են ամեն օր օգտագործում զուգարանի թուղթ, բայց քչերը գիտեն, թե ինչպես է այն հայտնվել: Դա կապված է եղել մարդու բնակության վայրից: Առափնյա տարածքներում, նախքան զուգարանի թղթի գյուտը, օգտագործվել են խեցիները: Հավայան կղզիներում թղթին փոխարինել են կոկոսի չորացրած կեղևները: Բնականաբար, անտառային տարածքներում կամ, ընդհանրապես, բնության գրկում օգտագործվել են ծառերի և խոտաբույսերի լայն տերևները: Իսկ եթե մարդը ծնվել է հարուստ ու բախտավոր թագավորական ընտանիքում, ապա անպայման օգտագործել է ժանյակե կամ բրդե կտորներ:
Հին Հռոմի ցանկացած հանրային զուգարանում միշտ եղել են փայտիկներ, որոնց վրա սպունգ է եղել ամրացված և դրված աղաջրի դույլի մեջ: Այնտեղ հարուստ մարդիկ կտորեղենը գերադասել են սպունգից, իսկ վարդի ջուրը՝ աղաջրից: Գաղութային Ամերիկայի բնակչությունը օգտագործել է եգիպտացորենի ցողուններ: Զուգարանի թղթի պատմության մեջ նոր փուլ է սկսվել 1700-ական թվականներից: Այդ ժամանակ մարդիկ սկսել են օգտագործել օրաթերթերը և ամսագրերը, որոնք այդ ժամանակ արդեն հասանելի են եղել հանրությանը:
Կարելի է ասել, որ Գուտենբերգը թերթերի տպագրության իր գյուտով նաև հայտնագործել է զուգարանի թուղթը: 19-րդ դարում Ամերիկայի քաղաքացիների շրջանում Sears կատալոգը շատ տարածված է եղել: Այն պարզապես մեխից կախել են զուգարանում, և նրա էջերից ստացվել է շատ փափուկ զուգարանի թուղթ (100 թերթ): Այն բանից հետո, երբ տպագրության համար սկսել են օգտագործել փայլուն հաստ թուղթ (1930 թվական)՝ կատալոգը դադարել է պահանջված լինել: Զուգարանի թուղթն առաջին անգամ սանիտարահիգիենիկ նպատակներով օգտագործել են Չինաստանում: Ավելի վաղ այս ամենի մասին հիշատակվել է մ.թ. ա. 589 թվականին:
1391 թվականից կայսերական արքունիքում տարեկան օգտագործվել է 720 հազար թերթ զուգարանի թուղթ (61x91 սմ), ինչպես նաև 15 000 հատուկ հաստ, փափուկ և նուրբ թուղթ (19,4 սմ), որը նախատեսված է եղել կայսեր ընտանիքի համար: Առաջին անգամ 1857 թվականին է նյույորքցի գործարար Ժոզեֆ Գայետին արտադրել զուգարանի թուղթ` կոկիկ, քառակուսի կտրված և տուփերում փաթեթավորված: Նա այնքան է տպավորվել իր գյուտով, որ իր անունը տպագրել է յուրաքանչյուր թղթի վրա: Մեզ «ծանոթ» զուգարանի թուղթը (գլանի տեսքով) հայտնաբերվել է 1880-ական թվականներին բրիտանացի Օկլոկի կողմից և կոչվել է «թղթե փաթաթուկ»:
Զուգարանի գլանաթղթի առաջին սերիական արտադրությունը սկսվել է 1890 թվականին ԱՄՆ-ի թղթի գործարանում, որը պատկանել է Արթուր Սքոթին և կոչվում է Scott Paper, սակայն, որքան էլ զարմանալի է, գործարանի անունը նշված չի եղել այդ արտադրանքի վրա: Անցքերով մասերի բաժանված գլանաթղթով զուգարանի թուղթը հորինել է գերմանացի գործարար Հանս Կլենկը 1928 թվականին: Յուրաքանչյուր գլանաթղթում նախատեսված է եղել հազար թերթիկ` իրարից փորվածքով բաժանված: Կլենկը կասկած չուներ «փաթաթուկի» արդյունաբերական արտադրության անհրաժեշտության մեջ, և 1928 թվականին նա Լյուդվիգսբուրգ քաղաքում գործարան է հիմնել: Գործարանի անվան համար նա կիրառել է իր անվան և ազգանվան առաջին տառերը` Hakle: Բացի այդ, նրա գլխում հոգեբանական տեսանկյունից մի փայլուն և արդյունավետ գաղափար է ծագել, և որպես գովազդային կարգախոս օգտագործվել է «Օգտագործեք Hakle և դուք ստիպված չեք լինի գործածել «զուգարանի թուղթ» բառերը»:
15 տարի անց Լոնդոնում գտնվող թղթի գործարանը արտադրել է առաջին երկշերտ զուգարանի թուղթը, որը տարբերվել է այլ թղթերից իր բարձրորակ փափկությամբ և ամրությամբ: 20-րդ դարի վերջում շատ արդյունաբերողներ սկսել են արտադրել զուգարանի խոնավ թուղթ: Զուգարանի խոնավ թուղթը, ինչպես երևում է, սկսել են արտադրել խոնավ անձեռոցիկների ընդօրինակմամբ, բայց, ի տարբերություն դրանց, նրանք արագ են լուծվում ջրում:




















































