Հոնկոնգում ոստիկանությունը 22 միլիոն դոլար արժողությամբ թմրանյութի խմբաքանակ է առգրավել
INTERNATIONAL NEWSՀոնկոնգի ոստիկանությունն առգրավել է թմրանյութերի` այս տարվա ամենամեծ խմբաքանակը` 178 կգ, այդ թվում` 82 կգ հերոին, հաղորդում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով The Standard-ը:
Թմրանյութերը, որոնց թվում նաեւ մետամֆետամին եւ կետամին կա, հայտնաբերվել են փակ արկղերի մեջ քաղաքի մայրցամաքային հատվածում գտնվող պահեստում: Դրանք փաթեթավորված էին հյութերի մի քանի հարյուր շշերի մեջ: Ապօրինի ապրանքի ընդհանուր արժեքը սեւ շուկայում 22 միլիոն դոլար է:
Այս գործով ձերբակալվել է երկու կասկածյալ` ներգաղթյալներ Պակիստանից եւ Բանգլադեշից: Քննիչները հակված են այն կարծիքին, որ բեռը նախատեսված չէր Հոնկոնգի շուկայի համար, այլ պետք է տարանցվեր Չինաստանի այս հատուկ վարչական շրջանով երրորդ երկիր: Իրավապահները փորձում են գտնել դրա ուղարկողներին եւ ստացողներին:
Ոստիկանությունում նաեւ նշում են, որ կորոնավիրուսի համավարակի պայմաններում թմրանյութերի գների աճ է գրանցվել, իսկ միջազգային սինդիկատներն ավելի հաճախ են սկսել տեղափոխել դրանք խոշոր խմբաքանակներով` թաքնվելով օրինական ապրանքների մեջ:



