Արգելվում է դպրոցում կազմակերպել զանգվածային միջոցառումներ, ծնողական ժողովները կազմակերպվում են հեռավար
SOCIETYՊարետատունը հաստատել է Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պայմաններում հանրակրթական ուսումնական հաստատություններում գործունեության կազմակերպման ուղեցույցը: Այս մասին տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության կայքից։
Համաճարակային իրավիճակից ելնելով՝ ներկա փուլում ուսումնական գործընթացը հանրակրթության բոլոր մակարդակներում (տարրական, միջին և ավագ) մեկնարկում է 2020 թվականի սեպտեմբերի 15-ից՝ առկա ուսուցմամբ, իսկ 1-ին դասարանցիները դպրոց են հաճախում սեպտեմբերի 14-ին մեկ անձի ուղեկցությամբ: Ուսումնական տարվա առաջին կիսամյակը պարունակում է 13 շաբաթ:
Ուսումնակրթական գործընթացը իրականացվում է ուղեցույցով սահմանված կանոնների պահպանմամբ, որը պարտադիր է բոլոր հաստատությունների համար՝ անկախ իրավակազմակերպական ձևից: Առողջ և անվտանգ աշխատանքային ու կրթական միջավայր ապահովելու պարտականությունն ամբողջ ծավալով կրում է հանրակրթական հաստատության տնօրենը։ Պահաանջների կատարումը պարտադիր է դպրոցի բոլոր աշխատակիցների, ծնողների և աշակերտների համար:
Դպրոցները
- ապահովվում են դիմակների, ձեռքերի մշակման մաշկային հականեխիչների, ախտահանիչ միջոցների, անձեռոցիկների՝ առնվազն 1 շաբաթվա պահուստով,
- օրվա ընթացքում անձնակազմը և աշակերտներն ապահովվում են անհրաժեշտ դիմակներով և ախտահանիչ նյութերով, հեռավար օգտագործման ջերմաչափով՝ առնվազն դպրոցի մուտքերի թվով։
- դասարանները բաժանում են առավելագույնը 20 սովորող ունեցող խմբերի: Եթե դասասենյակի մակերեսը հնարավորություն չի տալիս ապահովել սոցիալական հեռավորություն 20 սովորողի համար՝ դասարանը բաժանում են 10-հոգանոց խմբերի:
- դասագրքերի բաշխումը իրականացնում են օգոստոսի 20-ից սեպտեմբերի 10-ը՝ պահպանելով անվտանգության կանոնները:
Դասացուցակ
- Դպրոցներում սահմանվում է վեցօրյա աշխատանքային շաբաթ, ըստ անհրաժեշտության կարող է սահմանվել երկհերթ ռեժիմ։
- Մինչև 20 սովորող ունեցող դասարանները դպրոց են հաճախում շաբաթվա վեց օրը՝ ըստ դասացուցակի:
- Երկու խմբի բաժանված դասարանի խմբերից յուրաքանչյուրը դպրոց է հաճախում շաբաթական երեք օր:
- Խմբերի դասացուցակը կազմվում է իրար հաջորդող դասերի և ինքնուրույն աշխատանքի օրերի համար:
- Ինքնուրույն աշխատանքի օրերին սովորողները ուսուցչի հանձնարարած աշխատանքը կատարում են տանը։
- Ուշադրություն. Դպրոցներում բուֆետների և ճաշարանների աշխատանքը արգելվում է։
Ռիսկային խմբի սովորողը
- Այն սովորողները, ովքեր ունեն ՀՀ առողջապահության նախարարության կողմից սահմանված կորոնավիրուսի ռիսկային խմբի հիվանդություններից որևէ մեկը, չեն հաճախում դպրոց: Նրանց ուսուցումը կազմակերպվում է հեռավար կամ տնային ուսուցման եղանակով:



