Վերակառուցվում է Աբովյան-Նոր Գեղի-Եղվարդ-Աշտարակ 12 կմ երկարությամբ ճանապարհահատվածը
SOCIETYՄիջպետական մայրուղու Աբովյան - Նոր Գեղի - Եղվարդ - Աշտարակ 12 կմ երկարությամբ հատվածում կատարվում են ճանապարհի վերակառուցման աշխատանքներ: Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից, ճանապարհի տեղամասերից մեկում տեղադրվում են հարթեցնող ասֆալտե շերտը: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Տրանսպորտի ԾԻԳ» պետական հիմնարկի տնօրեն Էմիլ Սարգսյանն ասաց, որ հարթեցնող շերտը տեղադրելուց հետո կփռվի ասֆալտբետոնե ծածկ: Ճանապարհի վերակառուցման աշխատանքների ընթացքին, որպես պատվիրատու, հետևում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը, իսկ օգտագործվող տեխնիկայի քանակը, ըստ պատասխանատուների, լիովին բավարար է աշխատանքները որակով և ժամանակին կատարելու համար:
Ճանապարհահատվածի վերակառուցման աշխատանքների որակը ստուգում է գերմանական «Կոկս կոնսալտ» ընկերությունը: Կազմակերպության տեխհսկիչ Հունան Հարոյանը փաստեց, որ թերություններ չեն գրանցել: «Հունիսի մեկից՝ աշխատանքների մեկնարկի հետ մենք իրականացնում ենք հսկողություն, որակի խախտման, աշխատանքների թերացման որևէ դեպք չենք արձանագրել»,- նկատեց Հունան Հարոյանը: Ճանապարհի այլ հատվածներում ընթանում են ջրահեռացման համակարգերի, մայթերի վերականգնման աշխատանքներ:
Շինարարները վերանորոգում են նաև Նոր Գեղիի հիմնական դպրոց տանող ճանապարհը: Համաշխարհային բանկի կողմից «Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավում» ծրագրով ֆինանսավորող ճանապարհահատվածի վերակառուցման աշխատանքների պայմանագրային արժեքը կազմում է 1մլդ 108 մլն դրամ:
«Հանրապետությունում համաշխարհային բանկով իրականացվող գրեթե բոլոր ճանապարհահատվածների վերանորոգումները նախատեսված է իրականացնել երկու տարում: Սակայն մեծ թափով են ընթանում աշխատանքները, և հուսով եմ, որ գրեթե 80-90 տոկոսով աշխատանքներն ավարտին կհանձնվեն այս տարի»,- նշեց «Տրանսպորտի ԾԻԳ» պետական հիմնարկի տնօրեն Էմիլ Սարգսյանը: Աշխատանքների վերջնաժամկետը 2016թ. հունիսի 25-ն է, սակայն հնարավոր է այս տարվա ավարտին ճանապարհահատվածը շահագործման հանձնվի և ոչ միայն այս մեկը:



