ՌԴ դեսպան. Երեւանում ստեղծված իրավիճակը պետք է լուծվի իրավական դաշտում, բանակցություններով
POLITICSԵրեւանում ստեղծված իրավիճակը «պետք է կարգավորվի բացառապես իրավական դաշտում»: Այս մասին, այսօր՝ հունիսի 24-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը, հաղորդում է«Ազատությունը»:
«Այս իրավիճակը պետք է կարգավորվի բացառապես իրավական դաշտում: Այլ տարբերակներ չեն կարող լինել: Իրավիճակը պետք է կարգավորվի միայն բանակցությունների սեղանի շուրջ, որը բազմիցս առաջարկել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը»,-ասել է նա:
«Մենք հանդես ենք գալիս այն բանի օգտին, որ Երեւանում եւ ընդհանրապես Հայաստանում կայուն իրավիճակ լինի, որ այստեղ որեւէ հակամարտություն չլինի: Հայաստանը կարող է զարգանալ միայն կայունության պայմաններում», - նշել է ռուս դիվանագետը:
Հատկանշական է, որ ի տարբերություն Միացյալ Նահանգների, Եվրամիության ու Մեծ Բրիտանիայի դեսպանատների երեկ տարածած հայտարարությունների, ուր մտահոգություն էր հնչեցվում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառման եւ լրագրողների դեմ գործադրված բռնությունների վերաբերյալ, Ռուսաստանի դեսպանը չի խոսել այդ մասին:



