Սեղանի ֆուտբոլ. հիվանդանոցային օրերի հետևանքը
ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈչ բոլորն են ի վիճակի իրենց թույլ տալ մարզադաշտում կամ փողոցում ֆուտբոլ խաղալ: Իսկ ավելի ստույգ՝ ոչ բոլորն են ունակ ֆուտբոլ խաղալ: Փոխարենը բոլորը կարող են զբաղվել սեղանի ֆուտբոլ հետաքրքիր և դիտարժան խաղով, որտեղ բոլոր կանոնները նման են իրական ֆուտբոլի կանոններին: Սեղանի ֆուտբոլի ստեղծման պատմությունը այնքան էլ հայտնի չէ:
Կան մի քանի վարկածներ, սակայն դրանք բոլորը նման են միմյանց մեկ հարցում՝ սեղանի ֆուտբոլ սկսել են խաղալ 20-րդ դարի 2030-ական թվականներից:
Ըստ սեղանի ֆուտբոլի ծագման մի վարկածի, այդ տարիներին այն ստեղծել է Ալեխանդրո Ֆինիստեր անունով մի բանաստեղծ, որը Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ընթացքում ռմբակոծության ժամանակ վիրավորվել էր Մադրիդում, որից հետո երկար ժամանակ անցկացրել հիվանդանոցում:
Եվ ահա, այդ բանաստեղծը, որպեսզի զվարճացնի հիվանդներին, որոնք տուժել էին ռազմական գործողություններից, մտածել է ստեղծել խաղ՝ հիմնված սեղանի թենիսի գաղափարի վրա:
Նա խնդրել է ընկերոջը՝ Ֆրանցիսկո Ալթունին, ըստ իր ցուցումների խաղային սեղան պատրաստել: Հետագայում արդեն 1937 թվականին Ֆինիստերը կարողացել է արտոնագրել իր ստեղծած խաղը, բայց ֆաշիզմից Ֆրանսիա փախչելիս փոթորիկի ժամանակ կորցրել է արտոնագրման փաստաթղթերը:
Նույն ժամանակահատվածում մեծ թվով գյուտարարներ Գերմանիայում և Ֆրանսիայում սկսել են արտոնագրել իրենց խաղերը, որոնք նման են եղել Ալեխանդրո Ֆինիստերի սեղանի ֆուտբոլին: Այդ իսկ պատճառով հայտնի չէ, թե ով է իրավամբ համարվում այս խաղի առաջին ստեղծողը:
Սեղանի ֆուտբոլի զարգացման պատմության մեջ նոր փուլ է սկսվել անցյալ դարի 50-ական թվականներից, երբ Գերմանիան սկսել է վերականգնվել ռազմական պարտությունից հետո: Այդ ժամանակվանից ֆուտբոլի փայտե սեղանները սկսել են փոխարինվել հատուկ խաղատախտակներով, որոնք եղել են ավելի լավը, քան իրենց նախատիպերը: Այն բանից հետո, երբ եվրոպական բոլոր երկրներն ընդգրկվել են սեղանի ֆուտբոլային բումի մեջ, այն անցել է Ամերիկան նվաճելուն: Առաջին այդպիսի ֆուտբոլն այնտեղ հայտնվել է 1955 թվականին, բայց չի առաջացրել այնպիսի ցանկալի հանրաճանաչություն, ինչպիսին եղել է Եվրոպայում:
Անգամ 7 տարի անց էլ ֆուտբոլային սեղաններ արտադրողներից մեկի գովազդային հզոր արշավից հետո չի առաջացել այնպիսի հետաքրքրություն, ինչպիսին սպասվում էր: Եվ դա հասկանալի է. ամերիկայում խաղում են ամերիկյան ֆուտբոլ: Այնուամենայնիվ, ժամանակի ընթացքում խաղը ստացել է իր ժողովրդականությունը:
Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ առաջարկվել է բանակում սեղանի ֆուտբոլն օգտագործել զինվորների ազատ ժամանցի համար:
Զինվորականներին դուր է եկել այդ խաղը, և այդ ժամանակից ի վեր այն տարածվել է նաև քաղաքացիական բնակչության շրջանում: Սեղանի ֆուտբոլը ԽՍՀՄ-ում հայտնվել է բավականին ուշ և անմիջապես սիրված խաղ է դարձել խորհրդային դեռահասների համար: Ժամանակի ընթացքում այդ մինի-ֆուտբոլը դարձել է ոչ միայն սիրողական խաղ, այլ նաև սկսել են անցկացվել միջազգային մրցումներ:




















































