Մեր նախնիները եկեղեցիներ են կառուցել, մենք էլ պետք է ինչ-որ բան թողնենք մեր ապագա սերունդներին. մշակույթի նախարար
SOCIETY
Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ի պատասխան Tert.am-ի հարցի, թե Հայաստանը կարիք ունի՞ նոր եկեղեցիների, արդյոք ավելի ճի՞շտ չէ նորը կառուցելու փոխարեն հինը վերանորոգելը, պատասխանեց, թե ամեն ինչի համար ժամանակ է պետք:
«Դեռևս 7-8 տարի առաջ պետական բյուջեի կողքին այլ աղբյուրներից գումար չկար: 4-5 տարի առաջ սկսեցին առաջին հովանավորչական միջոցների հոսքը դեպի ժամանակակից արվեստների ոլորտ, հետո սկսեցին հուշարձանները վերանորոգել: Այսօր հինգ հուշարձան վերանորոգվում է մասնավոր ներդրումների հաշվին»,-ասաց նա:
Դիտարկմանը, թե սոցիալական նման խնդիրների պարագայում տրամաբանակա՞ն է այսքան նոր եկեղեցիների կառուցումը, Հասմիկ Պողոսյանը պատասխանեց. «Եթե մենք անընդհատ սոցիալականը որպես հիմք վերցնենք, նշանակում է մեր երկիրը ոչ մի զարգացում չի կարող ունենալ: Սոցիալական խնդիր, իհարկե, կա և պետք է ժամանակի ընթացքում լուծվի և լուծվում է, եթե հաշվի առնենք, որ քաղծառայողների աշխատավարձերը՝ պետական կազմակերպություններից մշակույթի ոլորտն եմ ասում, վերջին երկու տարիների ընթացքում աննախադեպ բարձրացել է: Այսինքն՝ կամաց-կամաց խնդիրը լուծվում է, բայց երկիրը պետք է զարգանա և նաև ժամանակակից ճարտարապետությունը պետք է իր հետքը թողնի»:
Մշակույթի նախարարը նշեց, թե եկող սերնդին չի կարող այս սերունդը տալու ոչինչ չունենալ:
«Մենք չենք կարող ունենալ պատմական մի շրջան, որտեղ ոչ մի բան պատմության համար չենք թողնում: Ինչքան էլ ասենք, սա ճիշտ է, սա սխալ է, բնականոն խնդիրներ կան: Ժամանակին, որ Հյուսիսային պողոտան կառուցվեց, ասացին՝ ինչի է կառուցվում, այնպես որ կյանքն իր հունով պետք է գնա առաջ և եթե մեր նախկին սերունդները կառուցել են մեզ համար և եկեղեցիներ են թողել, ուրեմն ինչ-որ բան էլ մենք պետք է կառուցենք և թողենք ապագա սերունդներին, և դա պետք է լինի ժամանակի մեջ»,-նշեց նա:



