ԱԺ նախագահը դրական տեղաշարժ է արձանագրել հայ-իրանական տնտեսական հարաբերություններում
POLITICSՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը դեկտեմբերի 4-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Գալուստ Սահակյանը ողջունել է նորանշանակ դեսպանին Ազգային ժողովում եւ շնորհավորել Հայաստանում Իրանի Իսլա մական Հանրապետության դեսպան նշանակվելու կապակցությամբ:
ԱԺ նախագահը բարձր է գնահատել Հայաստանում ԻԻՀ դեսպանության շուրջ քսան տարիների գործունեությունը եւ կարեւորելով միջպետական հարաբերությունների զարգացման գործում դեսպանների դերը՝ հորդորել է նորանշանակ դեսպանին ջանքեր գործադրել առավել զարգացնելու առկա հարաբերությունները: Գալուստ Սահակյանը նշել է. «Հայ-իրանական փոխգործակցությունը շարունակում է զարգանալ բոլոր բնագավառներում. երկկողմ տնտեսական հարաբերություններում դրական տեղաշարժ է գրանցվել»:
Ազգային ժողովի նախագահն իր գոհունակությունն է հայտնել երկու երկրների խորհրդարանների պատգամավորական խմբերի գործունեության վերաբերյալ: ԱԺ նախագահի խոսքով, խորհրդարանական մակարդակով երկխոսությունը խթանում է համագործակցությունը բոլոր բնագավառներում:
Գալուստ Սահակյանը նշել է, որ քաջատեղյակ է հայ-իրանական համատեղ ծրագրերին եւ հույս հայտնել, որ Սեյեդ Քազեմ Սաջադին իր գործունեությամբ կնպաստի դրանց իրականացմանը եւ նոր ծրագրերի նախագծմանը: ԱԺ նախագահը հավաստիացրել է, որ ինչպես միշտ խորհրդարանը կհամագործակցի իրանական դեսպանության հետ եւ կաջակցի նոր ծրագրերի իրականացման գործում:
Սեյեդ Քազեմ Սաջադին, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ ուրախ է իր դիվանագիտական առաքելությունն սկսել Հայաստանում: Ըստ նորանշանակ դեսպանի, պետք է նպաստել հայ-իրանական դիվանագիտական հարաբերությունների առավել խորացմանը եւ բոլոր բնագավառներում համագործակցության զարգացմանը:
Դեսպանը ՀՀ Ազգային ժողովի նախագահին է ներկայացրել իր պաշտոնավարման ընթացքում իրականացվելիք ծրագրերը, ընթացքի մեջ գտնվող նախագծերը, որոնք իրականացվում են առողջապահության, կրթության, մշակույթի եւ տնտեսության ոլորտներում:
Սեյեդ Քազեմ Սաջադին, կարեւորելով խորհրդանական դիվանագիտության դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում, նշել է, որ հետամուտ կլինի խորհրդարանական բարեկամական խմբերի համագործակցության եւ փոխայցելությունների ակտիվացմանը:



