Դիմափոշի. ... չար ոգիներին վախեցնելո՞ւ, թե՞ մաշկի թերությունները քողարկելու միջոց
ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԱյսօր դիմափոշի կարելի է գտնել ցանկացած կնոջ դիմահարդարման պայուսակի մեջ, եթե նույնիսկ նա առանձնապես չի սիրում դիմահարդարումը: Պարզապես օգտագործելով այդ միջոցը՝ կարելի է արագորեն ծածկել մաշկի բոլոր թերությունները:
Դիմափոշու պատմությունը սկսվել է հին ժամանակներից: Չգիտես ինչու՝ համարվում է, որ առաջինը դիմափոշի սկսել են օգտագործել հին եգիպտացիները, չնայած իրականում աշխարհի տարբեր ծայրերում մարդիկ օգտագործել են դիմափոշի... չար ոգիներին վախեցնելու համար: Բացի դա, դիմափոշու օգնությանն են դիմել իրենց սոցիալական կարգավիճակը թաքցնելու կամ, հակառակը, ցույց տալու համար: Այն օգտագործելը համարվել է վերին դասին պատկանելու նշան:
Ի վերջո, գունատ մաշկը հանդիսանում է հենց արիստոկրատական դասի խորհրդանիշ, և դրա վկայությունն են հնագետների պեղումների ընթացքում հայտնաբերված՝ դիմափոշի պահելու ապակե ամանները: Եգիպտացիները դիմափոշի են պատրաստել սպիտակ կավից, որը նրանք նախ չորացրել են, իսկ հետո, փոշի սարքելով, պահեստավորել: Կլեոպատրայի համար այդ դիմափոշին ստացել են կոկորդիլոսի արտազատուկներից:
Հին Հռոմի կանայք կավիճի և կապարի սպիտականյութից են դիմափոշի պատրաստել: Թանկ դիմափոշի է համարվել ցորենի կամ լոբու հատիկներից ստացված ալ յուրի խառնուրդը, իսկ դրա էժան և մատչելի տարբերակը ներառել է իր մեջ գարու խմոր և ձու: Դիմափոշու օգտագործումը նորաձևությունից դուրս է եկել միջնադարում, և հետագայում դա օգտագործել են միայն դերասաններն ու մարմնավաճառները:
Դիմափոշու պատմության մեջ ժողովրդականության նոր փուլ է սկսվել 17-րդ դարում: Կանայք սկսել են դա օգտագործել իրենց տարիքը թաքցնելու նպատակով, իսկ ժողովրդականության գագաթնակետը եղել է Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս 14-րդի կառավարման ժամանակաշրջանը: Այդ ժամանակ նույնիսկ Մարկիս դե Պոմպադուրի կողմից մոդայիկ դարձած հսկայական կեղծամները ցանվել են դիմափոշով:
Մարդիկ դիմափոշին խնայելու նպատակով շաբաթներով չեն լվացվել, քանի որ այդ ժամանակ գեղեցկությունն ավելի կարևոր էր, քան անձնական հիգիենան: Ռուսաստանում դիմափոշի հայտնվել է Պետրոս Մեծի ջանքերի շնորհիվ, որը ամեն կերպ փորձում էր ընդօրինակել եվրոպացիներին: Դերասանների շնորհիվ դիմափոշին 20-րդ դարում էլ ավելի է նորաձև դարձել:
Մի քանի տասնամյակի ընթացքում հեղափոխական փոփոխություններ են տեղի ունեցել դիմահարդարման ապրանքների արտադրության մեջ: Անգլիական «Laughton & Sons» ընկերությունը 1923 թվականին սկսել է դիմափոշի արտադրել կոմպակտ փաթեթով և սպունգով:
Հոլիվուդյան դիմահարդար Մաքս Ֆակտորը դիմափոշուն տվել է տոնային հիմք և դարձրել այնպիսին, որ հնարավոր է դարձել դրա օգտագործումը ամեն օր:
Ապրանքը ստացել է «Պէյ Կեյկ» անվանումը: Ամենաէժան դիմափոշին հորինել է Հելենա Ռուբինշտեյնը: Իսկ դեռևս 1940-ականների սկզբին Էլիզաբեթ Արդենը դիմափոշու և դիմահարդարման այլ ապրանքների արտադրություն է կազմակերպել: Եվ այդպես դիմափոշին դարձել է ցանկացած կնոջ պայուսակի պարտադիր տարր:




















































