Yerevan, 07.November.2025,
00
:
00
BREAKING


Կառավարության վերջին փուլի գործունեությունը և որոշումները հանգեցրել են աղետի առողջապահության ոլորտում, հիմա էլ շարժվում ենք դեպի աղետ անշարժ գույքի շուկայում. Արմեն Գևորգյան

POLITICS

ert.am-ը ներկայացնում է ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հոդվածը, որում հեղինակն անդրադառնում է անշարժ գույքի մասին նոր օրենքին, դրա խնդրահարույց կետերին և հնարավոր հետևանքներին: Արմեն Գևորգյանը նշում է, որ վերջին շրջանում կառավարության գործողություններն ու տարբեր որոշումները հանգեցրել են աղետի առողջապահության ոլորում, իսկ այժմ էլ կառավարության որոշումները երկիրը տանում են դեպի աղետ անշարժ գույքի ոլորտում: Հոդվածը կարդացեք ստորև:

Դեռևս անցյալ տարի ես մի քանի անգամ զգուշացրել եմ գույքահարկի դրույքաչափերի առաջարկվող տարբերակով բարձրացման աննպատակահարմարության մասին։ Իմ բոլոր գնահատականները և մտահոգությունները մնում են ուժի մեջ։

Ուզում եմ սկսել այն կետից, որ պետության մեջ շատերն ազատված էին գույքահարկի վճարման պարտականությունից, իսկ շատերի համար հարկը բավականին ցածր էր։ Այս իրավիճակը հասկանում էին թե՛ իշխանությունները, թե՛ տնտեսագետները, թե՛ պրոֆեսիոնալ լրագրողները, թե՛ ընդդիմությունը։ Քաղաքական իշխանությունը հասկանում էր այս հարցում կտրուկ փոփոխությունների հնարավոր կործանարար ազդեցությունը տնտեսական ակտիվության և, ընդհանրապես, երկրում կայուն զարգացման վրա։

Ըստ էության՝ այս պահին Հայաստանում գործում է աշխարհի միակ կառավարությունը, որը համաճարակի՝ տնտեսության վրա ունեցած խիստ բացասական ազդեցության պայմաններում որոշում է կայացնում՝ բնակչության համար ուղիղ հարկատեսակն անգամներով բարձրացնելու մասին։ Սա, ամեն ինչից զատ, էական բացասական ազդեցություն է ունենալու անշարժ գույքի շուկայի և շինարարության ոլորտի վրա։ Այս քայլն իրոք տարօրինակ է։

Բոլոր այն խոսակցությունները, թե կառավարությունը ներդնում է սոցիալական արդարության համակարգ, այն է՝ հարուստները մուծում են ավելի շատ, բացարձակ դատարկախոսություն են, քանի որ այս տարվա հունվարից՝ կառավարության որդեգրած նոր քաղաքականության արդյունքում, գործում է եկամտահարկի գանձման համահարթ տարբերակը, որով կառավարությունն ինքը փաստացիորեն հրաժարվեց մինչ այդ գործող «հարուստները մուծում են ավելի շատ» սկզբունքից։

Նախ` փորձենք հասկանալ, թե ով է մեր երկրում գույքի սեփականատերը։ Քաղաքացին կարող է արժեքավոր գույքի սեփականատեր դառնալ ամենատարբեր հանգամանքներում.

ա. ժառանգության կամ նվիրատվություն

բ. նախկինում գործերը լավ էին, գնել է

գ. օգնել են արտերկրի բարեկամները, ինչը տարածված երևույթ է նաև գործող իշխանությունների ներսում

դ. ընդամենը 15-20 տարի առաջ այդ գույքն արժեր տասնապատիկ անգամ ավելի էժան

ե. Շատերին գույքը բաժին է հասել Խորհրդային Միության շրջանից, հաճախ՝ մայրաքաղաքի բավականին թանկ հատվածներում, իսկ այսօր նրանց եկամուտը բավականին ցածր է (թոշակառուներ, մտավորականության ներկայացուցիչներ՝ գիտնականներ, դասախոսներ, բժիշկներ, ուսուցիչներ, մշակույթի գործիչներ)։

Շատ մեծ թվով ընտանիքներ առ այս պահը չեն մուծել գույքահարկ, իսկ հիմա պարտավորված են լինելու դա անել. սա նույնպես նոր իրողություն է, որի հետ պետք է հաշվի նստել. հետևանքներն ամենևին պարզ չեն։

Ինչ է ստացվում. ընթացիկ եկամուտները, այդ թվում՝ շատ բարձր, հարկվում են հավասարաչափ, իսկ գույքը՝ սոցիալական արդարության սկզբունքով։ Հաճախ լսում եմ այն հակափաստարկը, թե շատերը կարող են վաճառել իրենց թանկ անշարժ գույքը կենտրոնում և տուն գնել ավելի համեստ թաղամասերում, այդպիսով՝ վճարելով ավելի ցածր գույքահարկ։ Այստեղ, բացի աղավաղված բարոյական հարթությունից, կա նաև այլ՝ խիստ էական խնդիր. անշարժ գույքի շուկայի փլուզման և պահանջարկի անկման ֆոնին պարզապես հնարավոր չի լինելու վաճառել և տեղափոխվել, կատարել որևէ՝ քիչ թե շատ նորմալ պայմաններով գործարք։

Ինչպե՞ս կանդրադառնա գույքահարկի բարձրացումը այն սոցիալական շերտի վրա, որոնք բնակարան ձեռք են բերել հիպոթեքային վարկավորմամբ՝ առաջնորդվելով պետության հետ հարաբերությունների՝ բոլորովին այլ խաղի կանոններով։ Խոսքը հիմնականում միջին խավի մասին է՝ տնտեսության այն ճյուղերի ներկայացուցիչների, որոնց աշխատավարձերը, եկամուտները համեմատաբար բարձր են, և նրանցից շատերն իրենց թույլ են տվել՝ ձեռք բերել բնակարաններ քաղաքի՝ իրենց նախընտրած՝ նաև այսպես կոչված թանկ վայրերում։

Մի առիթով ես ասել եմ և հիմա ուզում եմ հիշեցնել, որ գործող կառավարությունը ցանկանում է բարձր հարկեր սահմանել այն գույքի վրա, որի հետ ինքը որևէ կապ չունի. այդ գույքը ստեղծվել է կամ ԽՍՀՄ ընթացքում, կամ՝ 2000-2018թթ. ընթացքում։ Մարդիկ, ըստ էության՝ բոլորը, ձեռք են բերել իրական կարողություն 2000-ականներից սկսած, երբ այն ժամանակվա իշխանությունների վարած քաղաքականության շնորհիվ անշարժ գույքի գինը Հայաստանում սկսեց բարձրանալ։ Դրան զուգահեռ՝ մեծ թափով կառուցվում էին նոր շենքեր։ Աբսուրդը նրանում է, որ «վատ» իշխանությունների օրոք մարդկանց կարողությունը անշարժ գույքի առումով մեծանում էր, իսկ գործող «լավ» իշխանությունների օրոք նրանց բարեկեցությունը նույն ոլորտում նվազելու է։

Գույքահարկի՝ Երևանում գործող դրույքաչափերը՝ բացարձակ թվերով, համեմատելի են Վրաստանի, Ռուսաստանի, Չեխիայի, Հունաստանի և այլ երկրների հետ։ Այս նախագծի ընդունմամբ՝ գույքահարկը Հայաստանում դառնալու է ամենաբարձրը տարածաշրջանում և ամենաբարձրերից մեկը Եվրոպայում՝ հաշվի առնելով մեկ շնչին բաժին հասնող ՀՆԱ և բնակչության իրական եկամուտները։ Որոշ երկրներում ընդհանրապես բացակայում է այդ հարկատեսակը, ինչպես, օրինակ, Հունգարիայում։ Այսպիսով մենք կրկին դառնալու ենք ռեկորդակիր՝ բացասական իմաստով։

Կառավարության վերջին փուլի գործունեությունը և որոշումները հանգեցրել են աղետի՝ առողջապահության ոլորտում։ Ես զգուշացրել եմ և հիմա էլ պնդում եմ նմանատիպ վտանգի առկայության մասին՝ կրթության համակարգում։ Վերջին որոշումների արդյունքում, վստահաբար ասում եմ, մենք շարժվում ենք դեպի աղետ անշարժ գույքի շուկայում և տնտեսական դեպրեսիայի ուժգնացման։

Վստահ եմ՝ Հայաստանի ցանկացած հաջորդ կառավարություն հրաժարվելու է այս գաղափարից և առաջարկելու է գույքահարկի խնդրի ավելի խելամիտ լուծում, որի հիմքում լինելու են տնտեսական աճի խթանումը և բնակչության գործարար ակտիվության խրախուսումը։

Տարիներ առաջ, լինելով փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար և նախագահի աշխատակազմի ղեկավար, անցկացրել եմ բազմաթիվ խորհրդակցություններ՝ գույքահարկի թեմայով, այդ թվում՝ ներկայիս ֆինանսների նախարարի մասնակցությամբ։ Թե՛ այն ժամանակ, թե՛ հիմա պնդում եմ, որ այս մոտեցման հիմնական փաստարկներն արհեստական են, և բոլոր պոտենցիալ ռիսկերը՝ թերագնահատված։ Ընդհանրապես դժվար է հակազդել ֆինանսների նախարարին, եթե պետության մեջ չկա նպատակային տնտեսական քաղաքականություն և համապատասխան թիմ: Այն ժամանակ հնարավոր եղավ կասեցնել գույքահարկի ագրեսիվ բարձրացման քաղաքականությունը, հիմա կարծես թե չկան այն անհատները, որ կանեին դա։

Ցանկանում եմ նաև հիշեցնել, որ ժամանակին, դարձյալ Ֆիննախի նախաձեռնությամբ, մտցվեց այսպես կոչված «շքեղության հարկ»՝ թանկ ավտոմեքենաների համար։ Ես այդ ժամանակ առաջարկում էի՝ բարձրացնել գույքահարկը՝ գերթանկ մեքենաների համար։ Բայց մտցվեց ակցիզային հարկ, որը բերեց ներկրվող մեքենաներից բյուջե մտնող մուտքերի կտրուկ անկմանը. խոսքը տասնյակ միլիարդների մասին է։ Այդ գաղափարից ստիպված եղան հրաժարվել։ Այսօրվա մոտեցման անարդարությունը նրանում է, որ եթե մեքենան կարելի է չգնել՝ ժամանակի իքս հատվածում, ապա անշարժ գույքն արդեն գոյություն ունի, և բազմաթիվ սեփականատերերի համար, այդ թվում՝ սփյուռքից, սա դառնալու է իրական գլխացավանք։ Չի կարելի կտրուկ և ոչ խելամիտ կերպով փոխել առանձին ոլորտներում կենսագործունեության՝ տասնամյակների ընթացքում ձևավորված կանոնները, փոխարենը՝ շատ հեշտ է դրանք փլուզել ամիսների ընթացքում։

Արդյունքում.

- Անհասկանալի է, թե ինչպիսի ֆինանսական արդյունքներ են ակնկալվում այս որոշումից. այդպես էլ չեն հնչում լիարժեք թվեր

- Անհասկանալի են մնում բյուջետային պոտենցիալ կանոնները. գույքահարկի բարձրացման և ակնկալվող մուտքերի ավելացման պարագայում արդյո՞ք պետությունը շարունակելու է նույն չափերով դոտացիա տրամադրել համայնքներին։ 2017-2018 թթ. այս գաղափարի հեղինակներն առաջարկում էին՝ կրճատել դոտացիաները և խնայված գումարը թողնել բյուջեում։ Սա էլ հենց հանդիսանում էր այդ գաղափարի դեմ հիմնական հակափաստարկը դեռ այն ժամանակ։ Սա արդար չէ համայնքների հանդեպ, քանի որ համայնքի հնարավորություններն, այսպիսով` որևէ կերպ չեն ավելանալու։ 

- Ինչպիսի՞ն են լինելու տնտեսական հետևանքները, բացի անորոշ «սոցիալական արդարություն» ձևակերպումից։ Օրինակ՝ ինչպե՞ս կանդրադառնա գույքահարկի բարձրացումը ծառայությունների ոլորտի վրա՝ ռեստորաններ, սրճարաններ, խանութներ, փոքր հյուրանոցներ, վարսավիրանոցներ և այլն, որոնք վարձակալում են իրենց տարածքները։ Որքանո՞վ գույքահարկի նոր դրույքաչափերը կանդրադառնան ծառայությունների գների, այդ թվում՝ տների և տարածքների վարձակալության և տնտեսության այլ ոլորտների վրա։ Քանի՞ բիզնես և աշխատատեղ կփակվի, քանի՞սը կբացվի (վերջինի վրա խիստ կասկածում եմ)։

Ի դեպ, մենք բոլորս կենտրոնացել ենք ֆիզիկական անձանց կողմից վճարվելիք գույքահարկի վրա և պատշաճ ուշադրություն չենք դարձնում արտադրական շենք-շինությունների հարցին։ Ես մինչ այս պահը չեմ տեսել որևէ գնահատական և հաշվարկ՝ այն մասին, թե ինչպես կազդի գույքահարկի բարձրացումը տնտեսական ակտիվության վրա, ինչպես կխթանի ներդրումները երկրում ընդհանրապես և ներդրումներն արտադրական ոլորտում՝ մասնավորապես։ Որքանո՞վ կնպաստի նման մոտեցումը արտադրության մեջ առավել արդյունավետ գնագոյացմանը։ Ուշադրություն եմ հրավիրում այն հանգամանքի վրա, որ նոր լրացուցիչ հարկային ծախսերը բիզնեսների համար զուգընթաց են նոր ձևավորվող ռիսկերին՝ գազի և էլեկտրաէներգիայի սակագների բարձրացմանը։ Ընդ որում՝ այդ սակագներն առաջին հերթին բարձրանալու են արտադրող սպառողների համար։         

Կա՞ արդյոք լիարժեք գիտակցում այն բանի, որ շատերի համար գույքահարկը բարձրանալու է հինգից տասնհինգ անգամ, հատկապես՝ մայրաքաղաքի կենտրոնում և այլ «թանկ» վայրերում։ Արդյո՞ք մարդիկ պատրաստ են վճարել նման գումարներ։ Նրանցից շատերը ստիպված են լինելու վիճարկել այս թվերը դատարանում, ինչը լրիվ հասկանալի է։ Փոխվարչապետ և տարածքային կառավարման նախարարի պաշտոնում աշխատելու տարիներին ինձնից և իմ թիմից պահանջվեց մոտ վեց տարվա հետևողական աշխատանք՝ տեղական հարկերի հավաքագրումները 80-85 տոկոսի հասցնելու համար, այն էլ՝ նվազագույն դրույքաչափերի պարագայում։ Կարելի է միայն ենթադրել, թե ինչ ծավալ է կազմելու հավաքագրումը արդեն բարձր դրույքաչափերի պարագայում։ Արդար պետությունը չի կարող և չունի իրավունք՝ նման կտրուկ ձևով փոխելու խաղի կանոնները։ Մտածե՞լ եք արդյոք, թե որքանով դա կնպաստի պետության և քաղաքացու միջև փոխվստահության ձևավորմանը։

Նախագծի կողմնակիցները որպես կարևոր փաստարկ նշում են եվրոպական որոշ զարգացած պետություններում գործող բարձր դրույքաչափերը՝ առավել թանկ բնակավայրերում գտնվող գույքի վրա։ Զարմանալիորեն՝ նման փաստարկ բերողները հաշվի չեն առնում Հայաստանի՝ որպես հետխորհրդային երկրի առանձնահատկությունը, որտեղ բնակչությունը քաղաքում բաշխվում էր սոցիալական բազմազանության սկզբունքով, ինչն ամենևին վատ մոդել չէ սոցիալական պետության սկզբունքներով առաջնորդվող երկրի համար։ Մեզ համար շատ ավելի ճիշտ է թողնել, որպեսզի ավելի դանդաղ, բնականորեն, շուկայի և քաղաքի նոր մշակութաբանության ձևավորման արդյունքում կազմավորվի քաղաքի բնակչության լանդշաֆտը, քան՝ կտրուկ ֆինանսական գործիքներով միջամտել և թելադրել բնակֆոնդի «վերաբաշխում», ստիպել մարդկանց՝ փոխել իրենց նախընտրությունները, այդպիսով՝ վերջնականապես փոխելով քաղաքի կենտրոնի բնակչության քարտեզը։

Ցանկացած օրենքի կիրառում պետք է հաշվի առնի միջազգային փորձը, բայց առավել՝ տվյալ երկրի առանձնահատկությունները։ Իսկ այս շրջանում ընդունվող և կիրառման պատրաստվող ցանկացած օրենք պետք է հաշվի առնի ոչ միայն երկրի և տնտեսության առանձնահատկություններն ընդհանրապես, այլև այն տնտեսական ծանր իրավիճակը, որում հանրապետությունը հայտնվելու է համավարակի պատճառով, և որի նշաններն արդեն երևում են, այդ թվում՝ անշարժ գույքի շուկայում։ Կարելի է անգամ ավելի արմատական գտնվել և ասել, որ այս շրջանում հրատապ կարգով պետք է քննարկվեն և ընդունվեն միայն այն օրենքները և կարգավորումները, որոնք կթեթևացնեն տնտեսական վիճակը և կմեղմեն ճգնաժամի հետևանքները։   

Եվ, վերջապես, այս օրենքը խիստ վիճահարույց կարող է լինել սահմանադրականության տեսանկյունից։ Ես չեմ ուզում այս պահին հրապարակայնացնել դրա վերաբերյալ իմ դիտարկումները, թողնելով դա իրավաբաններին, բայց պատրաստ եմ հետագայում ներկայացնել դրանք, երբ օրենքի նախագծի շուրջ հանրային քննարկում ծավալվի։

Արմեն Գևորգյան
ՀՀ նախկին փոխվարչապետ

Compelling Business Loan Offer from AraratBank: JOIN US AraratBank – Title Sponsor of Urartu Football Club The interview of Mher Abrahamyan, Chairman of the Board of IDBank, to Khaleej TimesAmeriabank’s Corporate Loan Portfolio Surpasses AMD 1 Trillion Arman Vardanyan, the leader of the «Unity» movement, participated in an event dedicated to Armenia’s Independence Day, held at the Cathedral of Monaco (video, photos) AraratBank and Théâtron Festival Bring Smiles to Little OnesOpportunities and Prospects for Cooperation Between Business and the Banking System in Syunik Region – IDBankThe Largest 5G Coverage in Armenia: Ucom’s Network Now Reaches More Than 94% of the Population Young Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraNew Campaign Ahead of Savings Day: IDBank Think beyond today. Why save?Ucom General Director Ralph Yirikian Presented His Vision for Telecommunications in the Era of AI The Armenian UBPay system partners with iSend remittance global service Connected, Convenient, Converse: Andranik Grigoryan Presents Converse Bank’s Digital Transformation Journey at the BACEE Conference IDBank - Silver Sponsor of BACEE’s 50th Jubilee International Banking Conference With the support of IDBank and Idram, the “Symphonic Forest” project was launched Ucom Supports the Development of a Safe and Trusted Digital Environment in Armenia Young Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowSuren Parsyan to Represent Armenia at “Sagarmanthan: The Great Oceans Dialogue 2025” International ForumPay at cafés and bars with Idram&IDBank and earn lots of idcoinsUnibank Launches Online Queue Booking SystemWith Unibank’s Sponsorship Armenia Hosts Open Rock Climbing ChampionshipAraratBank Serves as Title Sponsor of "What? Where? When?" Intellectual GameConverse Bank’s CFO Highlights the Bank’s Resilient Growth and Management Practices at the BACEE Conference Idram Announces Partnership with the World’s Leading Crypto Exchange Bybit in the Field of Innovative Payments IDsalary Package – A Convenient and Beneficial Tool Ucom Reopens Its Sales and Service Center on 8 Komitas Avenue AraratBank: Financial Partner of Théâtron FestivalThe Sound of Artsakh in the USA Converse Bank and Asia Alliance Bank Launch Strategic Partnership Educational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansUcom General Director Ralph Yirikian Speaks on Digital Security JOIN US: Transfer Your Real Estate-Secured Loan to AraratBank on Favorable Terms Converse Bank Receives BACEE Award for International Banking Cooperation at 50th Jubilee Conference Unibank to Issue Cards Featuring Designs Created by KidsConverse Bank Becomes the Diamond Sponsor of the 50th BACEE Jubilee ConferenceFinancial Literacy Lesson with Idram Junior Silicon Mountains 2025 Tech Summit Concludes with the Support of Ucom IDBank issued the 6th tranche of bonds of 2025 200 Scholarships for the Best Students. Ameriabank Announces a Contest for the Second Year in a Row Ucom Supports the Development of a Digital Security Culture in Armenia AraratBank Modernizes Matenadaran's Security SystemThe Power of One Dram, My Forest Armenia, and the Armenian State Symphony Orchestra Sign a Memorandum of CooperationUcom and Nokia։ Autonomous Networks and AI Applications for 6GAraratBank and Teach For Armenia Sign Memorandum of CooperationThe Aylagir Coding Contest sponsored by AraratBank concludesIDBank Sponsors YSU International Conference on “Transforming Economy”Solar Solutions in Areni: Ucom and FPWC Support Environmental Protection Silicon Mountains 2025 Tech Summit Speakers Met with Media Representatives Financial Literacy with Idram and IDBank: A Meeting with the Students of the Republican Center for Children and Youth