Շարմազանովը հավատում է «այո»-ի հաղթանակին
POLITICSԱզգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այն կարծիքին է, որ ժողովրդի մեծ մասն «այո» է ասելու սահմանադրական բարեփոխումներին: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը Շարմազանովը նկատեց, որ ընդդիմությունը երկար ժամանակ իշխանություններին մեղադրել է քաղաքական մենաշնորհի մեջ, բողոքել է մեծամասնական ընտրակարգից, իսկ հիմա, երբ իրենք առաջարկում են վերա ցնել մեծամասնական ընտրակարգը և բացառել քաղաքական մենաշնորհը, ընդդիմության մի հատվածը դեմ է արտահայտվում: «Եթե մենք «ոչ» ենք ասում սահմանադրական բարեփոխումներին, այդ դեպքում ասում ենք «այո» քաղաքական մենաշնորհին, մեծամասնական ընտրակարգով 41 խորհրդարանական մանդատներին: Նույն Րաֆֆի Հովհաննիսյանը նախագահական ընտրությունների ժամանակ խոսում էր կառավարման խորհրդարանական մոդելին անցում կատարելու, սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության մասին: Բա հարցնում եմ՝ եղբայր, հիմա ի՞նչ փոխվեց: Եթե առաջարկներ ունեիք, բերեք ներկայացնեիք, քննարկեիք: Սրա համար եմ ես ասում, որ «այո»-ն անհամեմատ ավելի մեծ հաջողության է հասնելու»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց ԱԺ փոխնախագահը:
Նա նկատեց, որ «ոչ»-ի կողմնակիցները բովանդակային որևէ բան չեն ասել ու չեն հիմնավորել, թե ինչու է պետք «ոչ» ասել սահմանադրական բարեփոխումներին: «Օրինակ, դուք գիտեք, որ ՀՅԴ-ն ԲՀԿ-ն սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ ներկայացրել են առաջարկներ, հանդիպել են նախագահի հետ, եկել են կոնսենսուսի: «Ոչ»-ի կողմնակիցներն էլ, եթե ունեին առաջարկներ, առարկություններ, կարող էին ներկայացնել, քննարկել, սակայն չեն արել: Իսկ սահմանադրական բարեփոխումների նախագիծը հանրաքվեի դրվելուց առաջ անցել է բոլոր անհրաժեշտ գործընթացներով»,- հվելեց Շարմազանովը՝ նկատելով, որ բարեփոխումների նախագծի սկզբնական տեքստն էականորեն տարբերվում է վերջնական տարբերակից, որը դրվել է հանրաքվեի:



