Համատիրությունների աշխատակիցներն աջակցում են Երևանում ձնամաքրման աշխատանքներին
SOCIETYՄայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են վաղ առավոտից տեղացող ձյան մաքրման աշխատանքները: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, առաջնահերթ ուշադրություն է դարձվում գլխավոր և երկրորդական փողոցների անխափան երթևեկության ապահովմանը, ինչպես նաև բակային տարածքների, մայթերի, հետիոտնային ստորգետնյա և վերգետնյա անցումների մաքրմանը:
Ձնամաքրման աշխատանքներում քաղաքապետարանի և սանմաքրման ձեռնարկությունների համապատասխան կառույցների հետ միասին ներգրավվել են նաև վարչական շրջանների կոմունալ ծառայությունների ու համատիրությունների աշխատակիցները: Տեղերում աշխատանքների իրականացմանն աջակցում են նաև տնտեսվարող սուբյեկտները: Աշխատանքների ընթացքը համակարգում են Երևանի քաղաքապետարանի օպերատիվ շտաբը և քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչությունը, իսկ տեղերում՝ վարչական շրջանների ղեկավարները:



