Yerevan, 15.October.2026,
00
:
00
BREAKING


Կրթական համակարգի ընթացիկ լուծումները՝ փորձագետների գնահատմամբ

INTERVIEW

Հաշվի առնելով երկրում ստեղծված արտակարգ դրությունը և համաճարակային վիճակը՝ ԿԳՄՍ նախարարությունը պարզաբանեց, թե ինչպես են կազմակերպվելու դպրոցական ու ընդունելության քննությունները և մի շարք այլ հարցեր: Հեռավար եղանակով ուսուցումը շարունակվելու է մինչև ուստարվա ավարտը: 

Դպրոցներում տարեկան գնահատականներն ամփոփվելու են մինչև մարտի 13-ը ունեցած և էլեկտրոնային մատյաններ փոխադրած գնահատականների հիման վրա: 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների ավարտական քննություններ չեն իրականացվելու: 

Բուհերում ավարտական պետական քննությունների անցկացման ձևն ընտրելու է ուսհաստատությունը: Դիմորդները բուհ ընդունվելու համար այս տարի կհանձնեն միայն մեկ քննություն: Բանավոր ընդունելության քննություններ չեն անցկացվելու: 

Քոլեջների և ուսումնարանների հետ կապված ընդունելությունը նախատեսվում է կազմակերպել հիմնականում ատեստատների գնահատականներով, բացի արվեստի, սպորտի և առողջապահական հաստատություններից, որտեղ իրականացվում է մեկական քննություն նույն սկզբունքներով, ինչ բուհեր ընդունվելու դեպքում: Ոսկե մեդալի քննություններ այս տարի չեն իրականացվելու:

4-րդ և 9-րդ դասարանների քննությունները չեղարկելը ճիշտ որոշում էր

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը, մեկնաբանելով որոշումները, նշում է՝ իրավիճակն այնպիսին է, որ ցանկացած որոշում ունենալու էր խոցելի կողմեր, որովհետև սահմանափակումները շատ են, լավ լուծումներ գտնելը՝ բարդ: «Կարծում եմ՝ ճիշտ որոշում էր 4-րդ և 9-րդ դասարանների քննությունները չեղարկելը: 

Դա մեծ ռիսկեր էր պարունակում, բացի դա, կրթական գործընթացից դուրս մնացած երեխաներ ունեինք, կիսատ-պռատ ուսումնական գործընթաց: Բայց այս որոշման հետ կապված բավականին հարցեր կան: Առաջարկվեց, որ ուստարին ամփոփվի մինչև մարտի 13-ը նշանակված թվանշաններով: 

Չտրվեց հարցի պատասխանը, թե ինչ է լինելու այն աշակերտների հետ, որոնք բացասական թվանշանով են ամփոփում տարին: Այդ երեխաների թիվը մեծ է լինելու, որովհետև, որպես կանոն, ուսումնական կիսամյակի սկզբում թվանշանները ցածր են լինում, հետո՝ բարձրանում:

 Կառաջարկեի, որ ներեին աշակերտներին, եթե նրանց թվանշանը բացասական է, հակառակ պարագայում նրանք պետք է հանձնեն վերաքննություն, բայց այդ դեպքում էլ կարող են ասել՝ համակարգիչ չեմ ունեցել, դասերի չեմ մասնակցել, ինչպե՞ս հանձնեմ: Հարց է նաև, թե ինչպես է բալանսավորվելու առաջին կիսամյակի չորս ամիսը և երկրորդի մեկուկես ամիսը, սրանք հավասա՞ր արժեք են ունենալու, թե առաջինը գերիշխող է լինելու»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Խաչատրյանը: 

Ամենամեծ խնդիրը բուհերի ընդունելության քննությունների դեպքում է

Փորձագետը նշում է՝ խնդիր կա քոլեջների ընդունելության հետ: «Երեխաներն ընդունվելու են ատեստատի գնահատականներով: Դիմորդները կարող են ասել, որ սովորել են բարձր թվանշան ստանալու և քոլեջ ընդունվելու համար, սակայն այդ հնարավորությունը չեն ունեցել: Այստեղ կարող է խնդիր առաջանալ, որովհետև որոշ քոլեջներում ունենք մրցակցություն, որտեղ աշակերտներն ընդունվում են ատեստատի գնահատականներով: 

Իհարկե, ամենամեծ խնդիրը բուհերի ընդունելության քննությունների դեպքում է: Այս պարագայում նախարարությունն ուներ շատ լուրջ սահմանափակում՝ մեկը զորակոչն է, մյուս դեպքում՝ բուհերում կա անվճար տեղերի մրցույթ: Նախարարությունը կոմպրոմիսային լուծում է գտել՝ հաշվի առնելով առողջապահական խնդիրը և թողնելով մեկ քննություն: Բայց այստեղ էլ որոշակի խնդիրներ են առաջանալու: Բանավոր քննություններ չեն լինելու, իսկ օտար լեզվի գրավոր քննություններից, որպես կանոն, դիմորդները շատ բարձր գնահատականներ են ստանում: 

Պատկերացնենք, որ ինչ-որ համալսարանում 50 հոգի 20 միավոր է ստանում, ինչպե՞ս ենք որոշելու՝ ով է սովորելու անվճար համակարգում: Բացի դա, դիմորդները պատրաստվում էին երկու-երեք առարկայից քննություն հանձնել, իսկ հիմա մնում է մեկը, և գուցե դա լինի այն առարկան, որից դիմորդն ավելի թույլ է: 

Որոշ ֆակուլտետների դեպքում այդ մեկ առարկայի ընտրությունն ակնհայտ կլինի՝ մաթեմատիկայի, քիմիայի և այլն, բայց, օրինակ՝ բժշկական համալսարանում կամ իրավաբանական ֆակուլտետում ակնհայտ չէ մասնագիտական առարկան: 

Մյուս մտահոգիչ խնդիրը գերազանցության մեդալների հարցն է: Դժվար թե հաջորդ տարի արդեն բուհում սովորող ուսանողը ցանկանա մեդալի համար քննություն հանձնել: Գուցե այս դեպքում կարելի էր փոքր խմբերով, ֆիզիկական հեռավորությունը պահելով, ինչ-որ ձևով քննությունն անցկացնել»,-նշում է մեր զրուցակիցը:

Մեր կրթական համակարգում մրցույթը պարտադիր է

Մեկ քննությամբ բուհ ընդունվելու որոշումը կրկին օրակարգ բերեց այն հարցը, որ գուցե համալսարանների ընդունելությունը պետք է դարձնել առանց քննությունների: Խաչատրյանը կարծում է՝ այս տարբերակը մեզ մոտ չի գործի, քանի որ ունենք պետպատվեր, շատ սահմանափակ թվով անվճար տեղեր: 

«Հիմա եթե բոլորին ընդունենք բուհեր, ինչպե՞ս պետք է որոշենք՝ ովքեր են անվճար սովորելու: Եթե առաջարկեն, որ թող բոլորն անվճար սովորեն, դա ահռելի ծախս կլինի պետության համար: Վճարովիի դեպքում էլ կարող է լինել անապահով ընտանիքի երեխա, որն ունի բարձր առաջադիմություն, բայց վճարի պատճառով դուրս մնա ուսումնական գործընթացից: Դրա համար մեր համակարգում մրցույթը պարտադիր է, որպեսզի որոշվեն, թե ովքեր են այն ուսանողները, որոնք պետք է անվճար սովորեն»,-եզրափակում է Սերոբ Խաչատրյանը:

Քննությունները չեղարկելու փոխարեն այլ տարբերակ կառաջարկեի

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի գիտական քարտուղար, կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը նշում է՝ դպրոցական քննությունները չեղարկելու փոխարեն ինքն այլ տարբերակ կառաջարկեր: «Կառաջարկեի ուրիշ մոտեցում ցուցաբերվեր. կիսամյակը երկարացվեր, բոլոր աշակերտները հնարավորություն ունենային բաց թողնված գիտելիքները լրացնել, այնուհետև, սոցիալական հեռավորությունը պահելով, քննություններ անցկացվեին: Առանց այն էլ այս ընթացքում գիտելիքների կուտակում չեղավ, երեխաներն ու ծնողները դժգոհում են, ուսուցիչները չգիտեն, թե ինչ անեն, հիմա էլ պարզվեց, որ քննություններ չեն անցկացվելու, ինչը ներկայացվում է որպես լավություն աշակերտներին»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մխիթարյանը:

Որոշումները կայացնելիս պետք է հաշվի առնել բոլոր կողմերի կարծիքները

Մխիթարյանն ընդգծում է՝ բուհերի ընդունելության այս՝ մեկ քննություն հանձնելու տարբերակը խախտում է ընդհանուր կանոնից, և հենց սա էլ կարող է անարդարության զգացում առաջացնել ոմանց մոտ: 

«Ոչ հավասար պայմաններ են լինում նախորդ և հաջորդ տարիների դիմորդների դեպքում: Այնքան էլ կողմնակից չեմ, որ շատ խիստ քննություններ լինեն ընդունելության համար, իմ կարծիքով՝ պետք է որոշում կայացվեր, որ այս տարվանից սկսած ընդունելության քննությունները լինում են այս կերպ՝ դիմորդները հանձնելու են միայն մեկ քննություն: Առհասարակ, կարծում եմ, որ պետք է վաղուց անցած լինեինք լիբերալ համակարգի: 

Համալսարաններն իրենք պետք է ընդունելությունը կազմակերպեին սեփական ուժերով՝ հաշվի առնելով դպրոցական ավարտական քննությունների արդյունքները, այսինքն՝ դիմորդները բալեր հավաքեն դպրոցում, դիմեն բուհեր, որոնք էլ կորոշեն ընդունելության նվազագույն շեմը: Հետո արդեն ընթացքը ցույց կտա: 

Կարևոր մի բան եմ ուզում շեշտել՝ որոշումները կայացնելիս պետք է հաշվի առնել բոլոր կողմերի կարծիքները: Չեմ կարծում, որ այս որոշումները կայացվել են բոլորի կարծիքները մանրակրկիտ հաշվի առնելով, խորհրդակցելով: Դրանց արդյունավետության մասին խոսելն էլ դեռ վաղ է:

 Եթե որոշման կայացման գործընթացում չեն ընդգրկվում այն մարդիկ, որոնք հետո իրականացնելու են այդ որոշումները, նրանք հաստատ դժգոհ կմնան: Պետք է գուցե նման տարբերակ լիներ. նախարարությունը ներկայացներ առաջարկը և ժամանակ տրվեր, որ մարդիկ կարծիք հայտնեին, գուցե ավելի լավ տարբերակներ առաջարկվեին»,-նշում է Մխիթարյանը: 

Անդրադառնալով շատ բուհերում հեռավար տարբերակով քննությունների անցկացմանը՝ նա նշում է. «Հեռավար տարբերակով որակյալ քննություններ անցկացնելու համար ամեն ինչ պետք է շատ լավ նախապատրաստված լինի: 

Կողմերը պետք է այդ քննություններին պատրաստված լինեն, տիրապետեն տեխնոլոգիական բոլոր միջոցներին, որոնք կիրառվում են հեռավար կրթության ժամանակ և օգտագործեն դրանք»:

Պետությունն իր վրա պետք է պարտավորություններ վերցնի

Ստեղծված իրավիճակում պետությունը փորձում է նաև ընդառաջ գնալ ուսանողներին՝ ներդնելով կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 14-րդ միջոցառումը, բարձր ՄՈԳ ունեցող ուսանողները կկարողանան անվճար սովորել և ոչ միայն: Փորձագիտական շրջանակները մի շարք հարցեր առաջ քաշեցին, մասնավորապես՝ պետությունը ցանկանում է աջակցել բարձր առաջադիմությո՞ւն, թե՞ սոցիալական խնդիրներ ունեցող ուսանողներին: 

Մխիթարյանը նշում է՝ օրերս հայտարարվեց, որ այն ուսանողների թիվը, որոնք կօգտվեն այս ծրագրից, կազմելու է 3000-3500, իսկ դա ուսանողների ընդհանուր թվի 10 տոկոսից պակաս է: «Սա շատ փոքր թիվ է: 

Գուցե ավելի լավ կլիներ, եթե ինչ-որ սանդղակ մշակվեր, որպեսզի, օրինակ՝ միջին առաջադիմություն ունեցող ուսանողները ևս կիսով չափ օգտվեին այդ ծրագրից: Պետությունն իր վրա պետք է պարտավորություններ վերցնի, որպեսզի մի կողմից չընդհատվի ուսումնական գործընթացը, մյուս կողմից՝ մարդիկ դժգոհ չմնան: 

Տեսեք, օրինակ՝ մի ուսանող ունի 80 կամ 90 ՄՈԳ, մյուսը՝ 79-ը, փաստորեն սար ու ձորի տարբերություն է ստացվում ուսանողներին տրվող առավելությունների միջև: Կարծում եմ՝ արդարության տեսանկյունից այնքան էլ ճիշտ մոտեցում չէր, խորհուրդ կտայի սանդղակներ կիրառվեին, ուսանողներն էլ ըստ առաջադիմության օգտվեին այս ծրագրից»,-եզրափակում է Ատոմ Մխիթարյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” Program